25/10/2016 12:53
Ուրախ կլինենք Գագիկ Ծառուկյանին նորից կուսակցության ղեկին տեսնել. Լյովա Խաչատրյան
ԲՀԿ պատգամավորների և Գագիկ Ծառուկյանի միջև տեղի ունեցող հանդիպումների ժամանակ չի խոսվում քաղաքական դաշտ Ծառուկյանի վերադարձի մասին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
«Այդ հանդիպումների ժամանակ քաղաքական հարցեր հիմնականում չեն քննարկում, բայց դա չի նշանակում, որ բացարձակապես խնդիրներ չեն քննարկում։ Մենք բոլորս Հայաստանի քաղաքացի ենք, այդ թվում և Գագիկ Ծառուկյանը և նորմալ է, որ նրան մտահոգում է մեր երկրի այսօրվա վիճակը», - նշեց նա։
Դիտարկմանը, որ եթե երեկվա նման մարդկանց խմբերը շարունակեն գնալ Գագիկ Ծառուկյանի տան մոտ և պահանջեն նրա վերադարձը, ապա այս դեպքում հնարավո՞ր է, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն, Լյովա Խաչատրյանը նշեց.
«Չգիտեմ, դա իրեն պետք է հարցնել։ Ամեն դեպքում, ես հայտարարություն չեմ լսել, որտեղ նա ասի, որ դուրս է գալիս կուսակցությունից, իսկ քաղաքականություն վերադարձը նրա որոշելիքն է։ Մենք ուրախ կլինենք իրեն նորից կուսակցության ղեկին տեսնել»։