25/10/2016 19:29
Շիրակում 55-ամյա տղամարդու սպանությունը բացահայտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 55-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։
2016 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 17:35-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի 55-ամյա Լ.Հաջյանի դին:
Տղամարդու դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են «աջ վերակնակապճային հատվածի սալջարդ, պատռված վերքի, արյունահոսության հետքերով քթի այտուցված սալջարդի, կրծքավանդակի առաջային մակերեսի հարկրծոսկրի հատվածի ծակած-կտրած վերքի» ձևերով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ նույն օրը՝ հոկտեմբերի 24-ին, Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի շրջանաներում 55-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է իր բնակության վայրում, որտեղ կատարված զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, արնանման հետքերով հագուստներ։