26/10/2016 15:00
WikiLeaks. Apple-ն իր օգտատերերի տվյալները փոխանցում է ԱՄՆ իշխանություններին
Apple ընկերությունն իր սարքերի օգտատերերի մասին տվյալներ է փոխանցում ԱՄՆ-ի իշխանություններին հետաքննություններ անցկացնելու համար: Ինչպես հայտնում է ТАСС-ն, այս խոստովանությունը տեղ է գտել iPhone սմարթֆոններ արտադրող ընկերության փոխնախագահ Լիզա Ջեքսոնի էլեկտրոնային նամակում, որը նա գրել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Փոդեսթային:
Ուղերձը, որը հոկտեմբերի 26-ին հրապարակվել է WikiLeaks-ը, թվագրված է 2015 թվականի դեկտեմբերի 20-ով. դրանում ասվում է, որ Apple-ը մտադիր է այդ պրակտիկան շարունակել ապագայում:
«Խնդրում եմ, նկատի ունեցեք, որ Apple-ը շարունակելու է աշխատանքն իրավապահ մարմինների հետ»,-ասված է Լիզա Ջեքսոնի՝ շրջակա միջավայրի պահպանության, քաղաքականության և սոցիալական նախաձեռնությունների գծով ընկերության փոխնախագահի նամակում:
Այդ ուղերձը պատկանում է այն նամակների թվին, որոնք հաքերների կողմից հափշտակվել են Ջոն Պոդեստի էլեկտրոնային փոստից և փոխանցվել WikiLeaks-ին: