26/10/2016 16:33
«Իսկանդերով» չենք հաղթելու, զինվորն է հաղթանակ տանում պատերազմում. Պարգև Սրբազան
«Իսկանդերի» ձեռքբերումը շատ կարևոր էր հայկական կողմի համար ու, ընդհանրապես, ցանկացած զինատեսակի ձեռքբերում կարևոր է ու անհրաժեշտ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
- Սրբազան, ապրիլյան պատերազմից անցել է արդեն կես տարուց ավելի: Ասում են՝ չնայած կորուստներին, այդ չորս օրը շատ բան փոխեց: Ըստ ձեզ՝ ի՞նչ փոխեց ապրիլյան պատերազմը:
- Առաջնագծում կանգնած 18-19 տարեկան մեր տղաները, իսկապես, հերոսաբար պայքարեցին: Պատերազմի ժամանակ այդ երիտասարդներից ոչ մեկը չփախավ, չվախեցավ, չսասանվեց: Սա գերազանցեց 1991-94 թվականի պատերազմը: Սա ֆենոմենալ երևույթ էր: Մեր բոլոր հրամանատարներն էին ասում, որ նման բան չէին սպասում, ես ինքս չէի սպասում: Պատերազմ է, երեխեա են, ոմանք կվախենան, ոմանք կփախնեն, դիրքերը կզիջեն, բայց երբ այդ ամբողջ 272 կիլոմետրում ոչ մի երիտասարդ դիրքը չլքեց, կարկուտ է թափվում գլխիդ: Այդ օրերին ոչ Հայաստանի, ոչ Արցախի իշխանությունը կոչ չարեց համախմբման, բայց պատերազմը երբ սկսվեց, երեք ժամ հետո ինքնաբերաբար ամբողջ ազգը համախմբվեց, իսկ սա տասնապատկեց խրամատներում կանգնած մեր տղաներին ոգին: Ես պատերազմի օրերին ու պատերազմից հետո տեսնելով մեր ազգի վերաբերմունքը՝ հասկացա, որ աշխարհի ամենալավ ազգն ենք, որովհետև այդպիսի դրսևորումներ դժվար էր պատկերացնել:
- Վերջին օրերին սահմանին հակառակորդն ակտիվացել է, կանխվեց նաև դիվերսիոն փորձ: Սա մտածելու առիթ տալի՞ս է մեզ:
- Այո, Ադրբեջանն օրեցօր լարում է մտցնում, զինադադարից հետո ոչ մի կրակոց չկար, հետո մեկ, երկու, տասը, հինգ հարյուր կրակոց, հետո «սնայպերներ», գնդացիրներ, դիվերսիոն խումբ եկավ, օրեցօր թեժանում է լարվածության աստիճանը: Ես ենթադրում եմ, որ Ադրբեջանում սոցիալ-տնտեսական վիճակը շատ վատ է: Առջևում ընտրություններ են, չի բացառվում, Իլհամ Ալիևը նորից սկսկի պատերազմական գործողություններ, որպեսզի պահի իր իշխանությունը, իր ժողովրդի ուշադրությունը շեղի, եթե պետք է՝ ռազմական դրություն մտցնի, որովհետև այնտեղ ժողովրդի ցասումն օրեցօր բարձրանում է, իսկ նա պատերազմ սկսելով կփորձի շեղել ժողովրդի ուշադրությունը: Ես մի բան կարող եմ ասել՝ եթե նորից իրենք համարձակվեն սկսել այն, ինչ տեղի ունեցավ ապրիլին, մեզ այլևս ոչինչ չի կանգնեցնի: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ստիպենք մեր սահմաններին խաղաղություն տիրի, ուրիշ ճանապարհ չունենք:
- Շատ է խոսվում նախագահ Սերժ Սարգսյանի ու Ալիևի հանդիպման մասին: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահը պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Եթե կայանա հանդիպումը՝ հնարավո՞ր է դրանով ինչ-որ բան փոխվի բանակցային գործընթացում:
- Հանդիպումը թող կայանա՝ կտեսնենք: Ես չեմ կարծում, որ այդ հանդիպումով շատ բան կփոխվի: Որոշ նրբերանգներ, միգուցե, փոխվեն: Ալիևը պետք է հասկացած լինի, որ թեժ ձևով չի կարող պատերազմը մեղմել, բանակցությունների ժամանակ ինքը պետք է տոնայնությունն ու պահանջները փոխի: Միջնորդներն, այո, փորձում են խաղաղություն հաստատել ու ամեն ինչ անում են դրա համար, բայց Ադրբեջանի իշխանությունը մեզ վստահություն չի ներշնչում:
- Սրբազան, ՀՀ անկախության 25-ամյակի ամենակարևոր իրադրաձությունը, թերևս, «Իսկանդերի» ցուցադրությունն էր: Ի՞նչ եք կարծում, հնարվոր է այն ինչ-որ զսպող ազդակ հանդիսանա ադրբեջանական կողմի համար՝ հետ կանգնելու լայնամասշտաբ պատերազմ սկսելու մտքից:
- «Իսկանդերի» ձեռքբերումը շատ կարևոր էր հայկական կողմի համար ու, ընդհանրապես, ցանկացած զինատեսակի ձեռբերում մեզ համար կարևոր է ու անհրաժեշտ: Այո, «Իսկանդերը» շատ փոքր զսպանակի դեր կխաղա, բայց՝ ոչ վճռորոշ: Չեմ կարծում, թե «Իսկանդերը» ինչ-որ զսպող ազդակ կարող է հանդիսանալ Ադրբեջանի համար: Եթե նրանք որոշեն սկսկել պատերազմը, ասենք, մենք 8 «իսկանդեր» ուղարկեցինք Բաքվի վրա, որոշակի վնաս տվեցինք, դա չի նշանակի, որ պատերազմը չի շարունակվի: Նրանք էլ կսկսեն «Սմերչներով» Նախիջևանից խփել Երևանին: Ի վերջո, «Իսկանդերով» չենք հաղթելու պատերազմում, զինվորով ենք հաղթում, զինվորն է հաղթանակ տանում պատերազմում:
- Հայաստանը պաշտպանության նոր նախարար ունի: Ինչպե՞ս եք վերաբերում Վիգեն Սարգսյանի նշանակմանը և ի՞նչ կասեք նախկին նախարար Սեյրան Օհանյանի մասին:
- Վիգեն Սարգսյանն այն մարդն է, ում կրթությունը, քաղաքական-պետական գործչի փորձը թույլ կտա ավելի հեշտացնել իր գործը: Ես վստահ եմ, որ նա նվիրումով է մոտենալու իր գործին ու նրա լավ աշխատանքի արդյունքում մեր բանակը մեկ-երկու քայլ առաջ կգնա: Պաշտպանության նախարար նշանակում է Հայաստանի նախագահը, և եթե նա գտել է, որ այդ պաշտոնին պետք է նշանակվի Վիգեն Սարգսյանը, ապա մի բանում վստահ է եղել:
Պետք է սպասել, որ տեսանելի լինի նրա կատարած աշխատանքի արդյունքը: Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, ապա գաղտնիք չէ, որ ես նրան շատ հարգում ու սիրում եմ: Նրա ներդրումը մեր բանակում շատ մեծ է եղել :