26/10/2016 11:50
Հայաստանը մասնակցում է ԱՊՀ միասնական ՀՕՊ համակարգի վարժանքներին
Ավելի քան 130 հրամանատարական կետեր ԱՊՀ 7 երկրներից այսօր մասնակցում են ԱՊՀ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի վարժանքներին, տեղեկացնում է ՌԴ ՊՆ լրատվական ծառայությունը:
«Վարժանքի ընթացքում մշակվելու են ՀՕՊ հերթապահ ուժերի կիրառման մեխանիզմներ` օդային տարածքի օգտագործման կարգը խախտող օդանավերի դեմ, օդանավերի առևանգման դեպքում, ինչպես նաև մեխանիզմ` կործանվող օդանավերի անձնակազմին օգնելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Վարժանքին մասնակցում են մոտ 100 ինքնաթիռներ, կործանիչ ավիացիայից` Սու-27, ՄիԳ-29, ՄիԳ-31, ռմբակոծիչ ավիացիայից` Սու-24, Սու-34, գրոհիչ ավիացիայից` Սու-25, հեռահար ավիացիայից` Տու-22, Տու-160, Տու-95, ուղղաթիռներ` Կա-27, Մի-8:
Մասնակից երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:
Վարժանքներին մասնակցում են նաև զենիթահրթիռային ու ռադիոտեխնիկական զորքերի ստորաբաժանումներ, որոնք տրամադրվել են ՀՕՊ միասնական համակարգին` վերոնշյալ պետությունների կողմից:
ՀՕՊ ուժերի ու միջոցների ղեկավարումն իրականացվում է Օդատիեզերական ուժերի ղեկավարման կենտրոնից, որը տեղակայված է Մոսկվայի շրջանում: