26/10/2016 13:28
Արդարադատության նախարարությունն առաջարկում է մասնագիտական կրթությամբ ապահովել դատապարտյալներին
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը խորհրդարանին ներկայացրեց «Զբաղվածության մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին և «Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:
Սուրեն Քրմոյանի խոսքով՝ օրինագծի նպատակը դատապարտյալների համար մասնագիտական կրթության իրավունքի ամրագրումն է:
«Գործող օրենսդրությամբ ուղղիչ հիմնարկի վարչակազմը պարտավոր է միջոցներ ձեռնարկել դատապարտյալի հետբուհական բարձրագույն մասնագիտական կրթությունն ապահովելու համար, բայց ուսումնասիրելով միջազգային փորձը` կարծում ենք, որ կարևոր է պատիժը կրելուց հետո ապահովել մասնագիտական կրթություն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական ծառայության հետ հարցի շուրջ աշխատանքեր են տարվել և այն ունի համապատասխան մասնագիտական ուսուցման ծրագրեր դատապարտյալների համար»,-ընդգծեց նա:
Սուրեն Քրմոյանն ընդգծեց, որ այս նախագիծը չի ենթադրում պետբյուջեից հավելյալ ծախսեր: Այն իրականացվելու է բացառապես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ:
«Պատիժը կրող անձը ազատվելուց 6 ամիս առաջ դառնալու է զբաղվածության պետական ծառայության շահառու: Նրան տեղյակ կպահվի, թե ինչ ուսուցման ծրագրեր է առաջարկում նախարարությունը, որից հետո անձը կընտրի, թե ինչով է ուզում զբաղվել: Այս առաջարկը ոչ միայն դատապարտված անձնաց համար է, այլ նաև ազատազրկման հետ չկապված պատժատեսակի ենթարկվածների համար»,-ընդգծեց Ս. Քրմոյանը:
Վերջինիս խոսքով՝ նախագիծը թույլ կտա դատապարտյալներին ազատ արձակվելուց հետո ունենալ զբաղվածություն և ավելի հեշտ վերաինտեգրվել հասարակությանը:
Նախագիծը արժանացավ պատգամավորների աջակցությանը, միևնույն ժամանակ որոշ պատգամավորներ նշեցին, որ չեն կարող վստահ լինել, որ դատապարտյալները կապահովվեն մշտական աշխատանքով:
Մասնավորապես ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց,որ թեև կողմ են քվեարկելու նախագծին, բայց այն համարում են ուտոպիստական, որը քվեարկվելուց հետո շատ ու շատ հաջողված նախագծերի նման մնալու է դարակում դրված: