26/10/2016 17:02
Կառավարությունում չի քննարկվել ԱԳ փոխնախարարին բջջային հեռախոս գնելու հարցը. Դավիթ Հարությունյան
Թյուր տեղեկություններ են, թե Կառավարությունում քննարկվել է ԱԳ փոխնախարարին բջջային հեռախոս գնելու հարցը, ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Սա թյուր տեղեկություն է, հավանաբար, մամուլում տեղի է ունեցել պատահական կամ միտումնավոր սակարկում: Խոսքը գնում էր ԱԳ նախարարի տեղակալի մասին, ով պարտավոր է նաև կապվել իր գործընկերների հետ: Մենք ընդամենը հաստատում էինք րոպեների թվաքանակը, որը նրան թույլատրելի է օգտագործել: Բջջային հեռախոսի մասին խոսք չկար», - ասաց Դավիթ Հարությունյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կառավարության հոկտեմբերի 13-ի նիստում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ «նախարարությանն անհրաժեշտ է նոր փոխնախարարի հաստիքի բացում, որով էլ պայմանավորված` մեկ նոր բջջային հեռախոս»:
Նման հարց կառավարության օրակարգ մտցնելը զարմացրել էր վարչապետ Կարեն Կարապետյանին, ով հորդորել էր նման հարցերը չբերել Կառավարություն: