26/10/2016 13:05
Եվրամիությունը գրանտային ծրագրերի միջոցով մոտ 10 մլն եվրո կհատկացնի Հայաստանի մարզերին
Արևելյան գործընկերության երկրներում 2016-25 թթ. համապարփակ ծրագիրը, որն այսօր մեկնարկեց Երևանում, մասնակից երկրներում խորը անհամաչափության վերացման միտում ունի, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
«Ծրագիրը միտված է գոյություն ունեցող խորը անհամաչափության վերացմանը, երբ մարզերում մեկ շնչի հաշվարկով ՀՆԱ-ն 2,5 անգամ ավելի ցածր է, քան՝ Երևանում», - նշեց Դ.Լոքյանը:
Նրա խոսքով, ըստ ծրագրի, տնտեսապես թույլ զարգացած տարածքներում պետք է ստեղծվեն շուրջ 10% չափով նոր, ոչ ֆորմալ գյուղատնտեսական արտադրություններ, որոնք իրենց մեջ կներառեն շուրջ 60 հազար կայուն և մնայուն աշխատատեղեր:
Դ.Լոքյանը տեղեկացրեց, որ ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ քննարկել է, թե որ մարզերին կուղղվի ԵՄ ֆինանսավորումը:
«Եվրամիությունը մեզ այս հարցում օժանդակում է մի շարք գրանտային ծրագրերով, որոնք այսօր արդեն գործածության մեջ են շուրջ 10 մլն եվրոյի շրջանակներում: Դրանք ծրագրեր են, որոնք Վայոց Ձորի, Սյունիքի, Շիրակի, Տավուշի և այլ մարզերում սկսվել են», - ասաց նախարարը:
Իր հերթին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայման բանակցությունների (DG NEAR) գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը նշեց, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Արևելյան գործընկերության երկրների տեղական իշխանությունների կարողությունների խթանմանը, տեղական կայուն զարգացմանը ու տնտեսական աճին, այդ թվում՝ տեղական մակարդակով նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրերին: