26/10/2016 14:02
ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա դժվարությունները ԵՏՄ-ի անորոշություններից են գալիս. Թևան Պողոսյան
Հայաստան-Եվրամիության հարաբերություններում առկա որոշ անհամաձայնությունների ու խնդիրների հիմքը պետք է դիտարկել 2014 թվականի սեպտեմբերի 3-ի որոշման մեջ, ասաց Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում:
Այս օրերին Երևանում ընթանում են ՀՀ-ԵՄ իրավական շրջանակային նոր փաստաթղթի՝ առևտրի և ներդրումների մասին գլխի բանակցությունները, նաև կայացել է նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին Երևանում հայտարարել է, որ կողմերի համար կան դեռևս չհամաձայնեցված զգայուն հարցեր:
Թե ինչ «զգայուն հարցերի» մասին է խոսքը՝ Թևան Պողոսյանը չկարողացավ պատասխանել, քանի որ, ըստ նրա՝ իրականության մեջ ամեն ինչ կանխատեսումների մակարդակում է. «Եղած տեղեկությունները շատ փակ են, բայց ենթադրվում է, որ դրանք կապված են Հայաստանի այլ պարտավորությունների և Եվրամիության հետ հնարավոր առաջարկությունների հետ: Մենք անդամակցելով ԵԱՏՄ-ին, ինչ-որ պարտավորություններ ենք ստանձնել, որոնք մինչ հիմա էլ ապացուցում են, որ մեր երկրին որևէ օգուտ չեն բերել, բայց դրանից ելնելով երևի թե կան խնդիրներ»:
Եվրասիական տնտեսական միությունն էլ, ըստ Թևան Պողոսյանի, որևէ կերպ չի արձագանքում ՀՀ-ԵՄ հարաբերություններին, քանի որ սեպտեմբերի 3-ի դասերը բոլոր կողմերն էլ քաղել են:
«Խնդիրը, հավանաբար, ոչ թե դասերի մեջ է, այլ նույն ԵՏՄ-ն անհասկանալի երևույթ է, որը նոր-նոր է զարգանում: Խորը և համապարփակ առևտրի շրջանակներում եղել են բանակցություններ Եվրամիության հետ, քաղաքական այլ խնդիրների պատճառով (սեպտեմբերի 3) հայկական կողմը հասկացավ, որ ինչ-որ անհասկանալի քաղաքական նկատառումներից ելնելով ընտրեց ԵՏՄ-ի ճանապարհը: ԵՄ-ն նեղացած էր, դրանից հետո անցավ ժամանակ, տեղի ունեցան փոփոխություններ, որոշվեց, որ նորից երկու կողմերն էլ շարունակելու են համագործակցել: Հատուկ խումբ էր ձևավորվել, որը պետք է քննարկեր այն հնարավոր ճանապարհները, որտեղ պետք էր համագործակցել», - ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ մեկ տարուց ավելի է այդ բանակցային փուլերը գնում են և եթե քաղաքական փուլն ավարտված է, ու միայն տնտեսական հարցերի շուրջ են բանակցությունները, պետք է դժվարություններ չլինեին:
«Փաստորեն, եթե դժվարություններ են ձևավորվել, ապա այդ դժվարությունների հիմքն, ըստ իս, ԵՏՄ-ի անորոշություններից է գալիս: Այնտեղ վերջնական ոչ մի բան որոշված չէ, շատ անհասկանալի են աշխատում, և դա բերել է նրան, որ հայկական կողմը վերջնական չի կարողանում ստանձնել պարտավորություններ, որոնք կյանքի կկոչի: Ի վերջո, բոլոր այդ տեխնիկական հարցերը վերածվում են քաղաքական խնդրի, ինչը պետք է դիտարկել սեպտեմբերի 3-ի որոշման մեջ», - նկատեց Թևան Պողոսյանը: