26/10/2016 15:05
«Համախմբումը» չի բացառում ՀԱԿ-ի հետ համագործակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ
«Համախմբում» կուսակցությունը դեռ չի որոշել, թե ինչպես է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի երեկ ԱԺ-ում արած հայտարարությանը:
Միևնույն ժամանակ Ս. Մարգարյանը նշեց, որ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներն իրենք հեռանկարային են համարում:
«Այս մասին կխոսենք այն ժամանակ, երբ կքննարկենք ու վերջնական որոշում կունենանք: Մենք ինքներս դեռևս այդպիսի հատուկ քննարկված որոշում չունենք, թե ինչ անել, ոնց անել, բայց կուսակցության ստեղծման օրվանից մենք հայտարարել ենք, որ կողմ ենք այդ գաղափարին», - նշեց նա:
Ստեփան Մարգարյանն ընդգծեց, որ «Համախմբում» կուսակցության հնարավորությունները գալիք խորհրդարանական ընտրություններին ինքը համարում է բավականին բարձր:
«Մեր ռեսուրսները ոչ ոք չի չափել և մեզնից բացի այդ ռեսուրսների մասին որևէ մեկը չգիտի: Երկու խոշոր քաղաքներում ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը, մեծ մասամբ, կողմնորոշվում է դեպի ընդդիմություն: Մեր երկրում փոփոխության հասնելու միակ ձևն ընդդիմության միասնականության մեջ է: Առանձին հանդես գալու դեպքում ձայները փոշիանում են: Թե որն է ավելի լավ ընդդիմություն, որը է միակը, որը բազմակին, ժամանակը ցույց կտա», - նշեց նա:
Հարցին՝ չի բացառվում, որ կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ կհամագործակցի ՀԱԿ-ի հետ՝ Մարգարյանը նշեց, որ ինքը ոչինչ չի բացառում: