26/10/2016 14:27
Անգնահատելի է այն աշխատանքը, որն անում է Արցախի թեմի առաջնորդը. Պարգև Սրբազանը պարգևատրվեց
«Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությունն այսօր պարգևատրեց Արցախի թեմի առաջնորդ Տեր Պարգև Սրբազանին. Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն արժանացավ «Ոսկե Արագած» հուշամեդալի:
«Եվրասիա » ԲՀԿ-ի նախագահ Նվեր Թորոսյանը նշեց, որ հուշամեդալով պարգևատրվում են այն բարերարները, գործարարները, հասարակական, քաղաքական, հոգևոր գործիչները, ովքեր զգալի ավանդ են ներդնում այդ ոլորտների զարգացման գործում:
«Պարգև Սրբազանին այս հուշամեդալով պարգևատրում ենք, հատկապես, ապրիլյան պատերազմից հետո Սրբազանի կատարած մեծ աշխատանքի համար: Նա ոչ միայն սրբազան է, այլ նաև՝ հրամանատար, հասարակական-քաղաքական գործիչ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Նվեր Թորոսյանը:
Նա նշեց, որ այն ոգևորությունը՝ Սրբազանն ապրիլյան օրերին փոխանցեց զինվորներին, շատ կարևոր էր:
«Պարգև Սրբազանի գործունեությունն, առաջին հերթին, ուղղված է Արցախի, Հայաստանի և աշխարհի հայության բարօրության ու խաղաղության համար: Ուզում եմ շեշտել, որ շնորհիվ սրբազանի, շնորհիվ հայ զինվորի մենք ապրիլին Արցախում կարողացանք կանգնեցնել միջազգային ահաբեկչության մեծ ալիք»,- ընդգծեց կազմակերպության նախագահը:
Նա շեշտեց, որ անգնահատելի է այն աշխատանքը, որն անում է Արցախի թեմի առաջնորդը:
Պարգև Սրբազանն էլ Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար պատիվ է նման հուշամեդալի արժանանալը:
«Շնորհակալ եմ, որ ինձ նման պատվի են արժանացնում: Անկեղծ ասած՝ այն ինձ համար անակնկալ էր: Այս հուշամեդալն ավելի է պարտավորեցնում՝ էլ ավելի ծառայել մեր ազգին, մեր հայրենիքին և համաշխարհային խաղաղությանը: Մենք մի մարդկություն ենք, և բոլորս ուզում ենք խաղաղ ապրել»,-նշեց Սրբազանը: