26/10/2016 12:56
Ոսկերչությունը ՀՀ տնտեսության գերակա, ռազմավարական ուղղություններից մեկն է. Նախագահ
Սերժ Սարգսյանը Համաշխարհային ոսկերչական համադաշնության նախագահ Գայետանո Կավալիերիին պարգևատրել է Երախտագիտության մեդալով՝ Հայաստանում Համաշխարհային ոսկերչական համադաշնության ծավալած գործունեության, ինչպես նաև հայ ոսկերչական ու ոսկեգործական ավանդույթներն աշխարհում արժանվույնս ներկայացնելու համար, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից: Պարգևատրումը տեղի է ունեցել Ոսկերիչների համաշխարհային համադաշնության՝ ՍԻԲՋՕ-ի համաժողովի բացման շրջանակներում:
Համաժողովի բացմանը Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:
«Այսօր Հայաստանում ոսկեգործության և ադամանդագործության զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում: Մենք այդ ճյուղը հայտարարել ենք երկրի տնտեսության գերակա, ռազմավարական ուղղություններից մեկը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային համագործակցության խորացումն ու ընդլայնումն այս ոլորտում.
«Կարևորում ենք փորձի փոխշահավետ փոխանակումը, նոր գաղափարները, մասնագիտական ու առևտրային հարաբերությունների հաստատատումը: Պետությունը շարունակելու է քաջալերել այս գոտու գործունեությունը»,- ասել է ՀՀ նախագահը: