26/10/2016 17:27
Արտոնությունները տրվում են որոշակի ակնկալիքներով. Ֆինանսների նախարարը` Գյումրիին հարկային արտոնություններ տրամադրելու մասին
Գյումրիին ու սահմանամերձ գոտիներին հարկային արտոնություններ տրամադրելը միակ միջոցը չէ տարածքային համաչափ զարգացումը խթանելու համար, այսօր՝ ԱԺ-ում, անդրադառնալով «Գյումրի քաղաքին հարկային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ» օրենքի նախագծին՝ ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նրան հիշեցրեց, որ ամիսներ առաջ այս նախագիծը դրական եզրակացության էր արժանացել ԱԺ-ում ու հետաքրքրվեց` ի՞նչ կարծիք ունի այս մասին ներկայիս կառավարությունը:
«Պետք է ասեմ, որ հարկային արտոնություններ սահմանելը մենք պետք է որոշակի զգուշավորությամբ անենք: Իհարկե, տարածքային համաչափ զարգացումը մեր գերակայությունների մեջ է և խելամիտ է, որ մեր ՀՆԱ-ի ստեղծման գրավիտացիոն ուժը Երևանից պետք է տեղափոխվի շրջաններ, սակայն հարկային արտոնությունները ոչ այլ ինչ են, քան բյուջեի եկամուտների զիջում` որոշակի ակնկալիքներով: Միայն հարկային գործիքը չէ՝ տարածքային համաչափ զարգացումը խթանելու համար»,- ասաց Ֆինանսների նախարարը:
Նա ընդգծեց, որ հարկային արտոնություններ տալով մենք ունենում ենք նաև բյուջեի ֆինանսավորման խնդիր, որը ևս ազդում է տնտեսական աճի վրա:
«Բացի այդ, հարկային արտոնությունները, եթե խելամիտ չես նախագծում, բերում են վարչարարության խեղումների: Պետք է ուշադիր լինենք ու սողանցքներ չստեղծենք», - ասաց Վարդան Արամյանը: