26/10/2016 17:51
Վարչապետը հորդորել է հրաժարվել ձևականություններից, աշխատել ըստ էության և բովանդակալից
Յուրաքանչյուր մարզպետ պետք է ներկայացնի մարզի զարգացման ծրագիրը, կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ մարզպետներին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետը մարզպետներին հանձնարարել է համայնքների օժանդակությամբ, համայնքների հետ համատեղ պետք է կազմակերպվեն համայնքների զարգացման ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոշորացված համայնքներին և հիմք ստեղծել, որպեսզի այդ ծրագրերը լինեն կիրառական:
Նա շեշտել է՝ բոլոր մարզպետները պետք է ներկայացնեն այն ծրագրերը, որոնք լրացուցիչ աշխատատեղեր են ստեղծում համապատասխան տրամաբանությամբ:
«Մարզպետները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն կրթական և մասնագիտական բարձրացման ծրագրերին, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում ֆերմերների վերապատրաստման նպատակով: Գյուղատնտեսության, Կրթության և գիտության նախարարությունների և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ՝ ուսումնասիրել, թե առկա կրթական ծրագրերը որքանով են կիրառական հմտություններ ու գիտելիքներ տալիս և մշակել մարզերում համապատասխան ծրագրեր՝ մասնագիտական բարձրացման նպատակով», - ասել է Կարեն Կարապետյանը:
Նա հանձնարարել է, որպեսզի գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մշակել ծրագիր՝ «ԱրմՊրոդԷքսպո» ցուցահանդեսի գաղափարախոսությունն սկզբունքորեն փոխելու վերաբերյալ:
«Ներկայացնել առաջարկություններ այն հայտանիշների վերաբերյալ, թե ինչպես է գնահատվելու մարզպետարանների աշխատանքը՝ նույնպես ներգրավելով ներդրումները, աշխատատեղերը, մարզից արտահանումը, բիզնես միջավայրը, կրթական ծրագրերը, զբաղվածության, սպորտի ոլորտը և այլն», - ասել է Կ. Կարապետյանը:
Վարչապետը հանձնարարել է նաև իր աշխատակազմին՝ հասարակությանը տրամադրել բոլոր պատասխանատուների ցանկը՝ ըստ ոլորտների, ինչպես նաև կոնտակտային տվյալները՝ իր հետ կապ ապահովելու համար:
Կառավարության ղեկավարը կարևորել է հասարակության հետ հետադարձ կապը և ամենօրյա աշխատանքը. «Մենք պետք է ցույց տանք մեր քաղաքացուն, որ աշխատում ենք իր պահանջով, իր սպասելիքներով, իրեն բավարարելու առումով»:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է, որ առաջիկայում լսումներ են կազմակերպվելու նախարարությունների և գերատեսչությունների, մարզպետարանների ներկայացրած ծրագրերի վերաբերյալ:
«Յուրաքանչյուրս իր տեղում պետք է հասկանա՝ ինչ ակնկալիք ունի մոտ ժամաակ, ինչ հորիզոն ունի միջնաժամկետում և ինչ երկարժամկետ երազանք հետագայի համար, ում միջոցով է դա անելու և ինչպես»:
Կարեն Կարապետյանը շեշտել է, որ կառավարության կարճաժամկետ ծրագրի ռեալ կատարման համար պահանջվում է անմնացորդ ու արդյունավետ աշխատանք և հորդորել է հրաժարվել ձևականություններից, աշխատել ըստ էության և բովանդակալից: