26/10/2016 18:56
Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Չինաստանի Հասարակական անվտանգության նախարարի տեղակալին
Հոկտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտն Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հասարակական անվտանգության նախարարի տեղակալ Լի Վեյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Վլադիմիր Գասպարյանը կարևորել է ՀՀ ոստիկանության և ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության փոխգործակցության դինամիկ զարգացումն ու խորացումը հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ:
Լի Վեյը նշել է, որ Չինաստանի և Հայաստանի իրավապահների գործակցությունն ամրապնդվելու է, քանի որ ընդգրկում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ, մասնավորապես, հասարակական կարգի ապահովման, կիբերհանցավորության, անօրինական միգրացիայի և մարդկանց առևտրի, ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով:
Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ համատեղ աշխատանքն արդյունավետ կլինի տեղեկատվական անվտանգության ապահովման, փորձաքրեագիտական հետազոտությունների և փորձաքննությունների, մասնագիտական դասընթացների ու վերապատրաստման ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Ընդունելությանը նախորդել էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի աշխատանքային հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հասարակական անվտանգության նախարարի տեղակալ Լի Վեյի գլխավորած պատվիրակության հետ:
Հունան Պողոսյանը գոհունակություն էր հայտնել երկու գերատեսչությունների միջև 2015 թվականին Պեկինում կնքված համաձայնագրի դրույթների կենսագործման կապակցությամբ՝ նշելով, որ տեղի են ունեցել մի շարք գործնական հանդիպումներ չինացի գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկու գերատեսչությունների փոխգործակցության հարցեր, արձանագրություն է ստորագրվել ՀՀ ոստիկանությանը ոստիկանական սարքավորումներ և անհատույց օժանդակություն տրամադրելու վերաբերյալ, հայ իրավապահները մասնակցել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կազմակերպված մի շարք մասնագիտական դասընթացների, սերտացել է գործակցությունը հետախուզման, տնտեսական հանցագործությունների, ինչպես և կիբերհանցագործությունների ու թմրամիջոցների անօրինական շրջանառության բացահայտման ուղղությամբ: