26/10/2016 17:45
Վիգեն Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանին. Եթե ունեք որևէ փաստ, որ զինվորը բեռնաթափում է պարենային մեքենա` ինձ տեղեկացրեք
Գյուղացիական մթերքների մատակարարումը բանակին խնդիր է, որը քննարկվել է պատգամավորների, մարզպետների հետ, իսկ գյուղնախարարը հանդիպել է նաև ֆերմերներին, այսօր ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՊՆ Վիգեն Սարգսյանն` արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հարցին:
Պատգամավորը նշել է, որ մասնավորապես Վարդենիսի տարածաշրջանում մատակարարները կարտոֆիլը գյուղացուց գնում են 40-45 դրամով ու զորամասին հանձնում 84-104 դրամով: Այսինքն` կրկնակիից ավելի բարձր գնով:
«Այս պայմաններում շահույթը արդարացիորեն չի բաշխվում: Առհասարակ` մթերողները շահույթ ստանում են, գյուղացիները` ոչ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ մատակարարողները հաճախ բարձրացնում են գինը` պատճառաբանելով, թե իրականացնում են պահեստավորման, տեղափոխման ու զորամասերում բեռնաթափման աշխատանքներ.
«Մինչդեռ նույն բեռնաթափումը զորամասերում հաճախ անում են զինվորները», - ասաց պատգամավորը:
Արձագանքելով այս հայտարարությանը` Պաշտպանության նախարարը հորդորեց իրեն տեղեկատվություն տրամադրել, թե կա հստակ դեպք, երբ զինվորներին ներգրավվել են բեռնաթափման աշխատանքներին.
«Եթե ունեք որևէ փաստ, որ զորամասում զինվորը բեռնաթափում է պարենային մեքենա` ինձ տեղեկացրեք: Դա պայմանագրային ծառայություն է, որը կատարվում է զորամասում, ինչպես օրինակ մաքրման աշխատանքները` պայմանագրային ծառայությունների ոլորտում են», - ասաց Վիգեն Սարգսյանը:
Ինչ վերաբերում է մատակարարողների գերշահույթին, ըստ Վ. Սարգսյանի, գնի այս տատանումն ուղղակիորեն կապ ունի զորամասի հեռավորության հետ, որտեղ հասցնում են կարտոֆիլը:
«Ընդհանուր առմամբ գնումների խնդիրը ՊՆ առաջնահերթություններից է ու ունենք այդ ոլորտում լուրջ խնդիրներ ու անելիքներ: Այժմ շատ խիստ դրվել է, որ բոլոր մատակարարներն, ովքեր գործ ունեն բանակի հետ, կատարեն իրենց պայմանագրային պարտավորությունները», - ասաց Պաշտպանության նախարարը: