26/10/2016 19:17
Հայաստանն ու Ռուսաստանը խորացնում են համագործակցությունը թանկարժեք մետաղների բնագավառում
2016 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է ՌԴ ֆինանսների նախարարությանը կից «Ռուսաստանի Դաշնության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդի ձևավորման, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահպանման, բացթողնման և օգտագործման» դաշնային պետական հաստատության ղեկավար Անդրեյ Յուրինին: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:
Այցի շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության և ՌԴ ֆինանսների նախարարությանը կից «Ռուսաստանի Դաշնության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդի ձևավորման, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահպանման, բացթողնման և օգտագործման» դաշնային պետական հաստատության միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր, որի նպատակը թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ոլորտում ՀՀ և ՌԴ գործնական կապերի փոխադարձ ընդլայնումն ու համագործակցության ապահովումն է:
Փոխհամագործակցության շրջանակում նախատեսվում է կադրերի վերապատրաստում, փորձի փոխանակում, սեմինարների, կոնֆերանսների, ցուցահանդեսների և այլ համատեղ միջոցառումների կազմակերպում և անցկացում: Մասնավորապես, համատեղ աշխատանքներ կտարվեն թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շուկայի զարգացմանը միտված երկկողմ մոտեցումների մշակման, ինչպես նաև նշյալ ոլորտի տեղեկատվության փոխանակման հարցերով համագործակցության ուղղություններով:
Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ Վահե Առաքելյանը, իսկ ռուսական կողմից՝ ՌԴ ֆինանսների նախարարությանը կից «Ռուսաստանի Դաշնության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդի ձևավորման, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահպանման, բացթողնման և օգտագործման» դաշնային պետական հաստատության ղեկավար Անդրեյ Յուրինը:
Վահե Առաքելյանի խոսքով՝ վերոնշալ հուշագիրը 2015 թ.-ին երկու կառույցների միջև ստորագրված համագործակցության փաստաթղթի տրամաբանական շարունակությունն ու սկսած գործընթացի զարգացումն է, ինչը հնարավորություն կըձեռի էլ ավելի ընդլայնել երկու երկրների համագործակցությունը թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շուկայի զարգացման և միասնականացման բնագավառում:
Ռուսական կողմի պաշտոնական ներկայացուցիչը համոզմունք է հայտնել, որ գլոբալիզացման ուղին բռնած արտաքին աշխարհի համապատկերին համադրվելու կարևորագույն գործընթացը ընդհանուր մոտեցումներ մշակելն ու զարգացնելն է: