26/10/2016 18:16
Կառավարության ծրագիրը բիզնեսի զարգացմանն է ուղղված, որն էլ կբերի աշխատատեղերի ստեղծմանը. Կարեն Կարապետյան
Խորհրդարանում կառավարության հարցուպատասխանի ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում ապահովել հասարակության արժանավայել կյանքը, որը նշված է իր դրույթներում։
«Ծրագրում գրված է, որ հասարակության արժանապատիվ կյանքը պիտի ապահովվի, իսկ դա առաջին հերթին արժանապատիվ աշխատանքով ապահովելն է։ Այս վեցամսյա ժամկետում աշխատատեղեր ստեղծելու և արժանապատիվ աշխատավարձ տրամադրելու ինչ տեսլական կա», - հետաքրքրվեց նա։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ ծրագրում նախևառաջ կարևորվել է արդար պայմաններով բիզնես ստեղծելու ծրագիրը, ինչը կբերի նաև նոր աշխատատեղերի ստեղծման։
«Ամբողջ ծրագիրը բիզնեսի զարգացմանն է ուղղված, որը կբերի աշխատատեղերի ստեղծմանը։ Եթե այն ամենը, ինչ նախատեսում ենք, լինի, այդ ամենը նաև աշխավարձի աճի կբերի», - ընդգծեց վարչապետը։