26/10/2016 19:31
Վարդան Արամյանը խոսել է ոչ թե Դիլիջանի, այլ Երևանի ուսումնական կենտրոնի փակման մասին. պարզաբանում Ֆիննախից
ՀՀ Ֆինանսների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ՊՈԱԿ-ների փակման վերաբերյալ խոսելիս նկատի է ունեցել ոչ թե ֆինանսների նախարարության Դիլիջան քաղաքի, այլ Երևանի ուսումնական կենտրոնը:
«ՀՀ ՖՆ Վարդան Արամյանը հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում ի պատասխան ՊՈԱԿ -երի վերաբերյալ լրագրողների հարցադրմանը նկատի է ունեցել Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն ՊՈԱԿ-ը , որը գտնվում է ոչ թե Դիլիջան քաղաքում, այլ Երևանում:
Ինչ վերաբերում է Դիլիջանի ուսումնական կենտրոնին, ապա կենտրոնը եղել է ՀՀ Ֆինանսների նախարարության ենթակայության եւ տիրապետման տակ միայն այն ժամանակահատվածում, երբ ՊԵԿ-ը միացված է եղել նախարարությանը:
Հետագայում, կառույցների տարանջատման արդյունքում՝ Դիլիաջանի ուսումնական կենտրոնը ՊԵԿ -ին պատկանող այլ գույքի հետ միասին 2016 թվականի մարտի 17-ի կառավարության 329-N որոշմամբ հետ է վերադարձվել ՊԵԿ -ին», - գրել է Լուսինե Մկրտչյանը: