26/10/2016 17:40
50 տոկոսից ավելի պետական պարտքը վտանգավոր ցուցանիշ չէ. Ֆինանսների նախարար
ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ-ն ենթարկվել է արտաքին աշխարհից ներթափանցող շոկերի։
«Շոկերից մեկը դրսևորվել է միջազգային շուկաներում հումքային ապրանքների գների նվազման տեսքով, որը ազդել է մեր հանքահումքային արտադրանքի արտահանման վրա և համապատասխան ավելի քիչ դոլարային ներհոսքեր ենք ունեցել։ Երկրորդն առաջացել է ՌԴ տնտեսության նկատմամբ սանկցիաների կիրառման հետևանքով», - ԱԺ-ում լրագրողներին ասաց նախարարը։
Նա ընդգծեց, որ ՌԴ տնտեսության վրա կիրառած սանկցիաները ՀՀ-ի վրա ազդել են ներդրումների և տրանսֆերների կրճատման տեսքով։ Նախարարը նշեց, որ երկու տարվա ընթացքում կրճատվել է շուրջ 700 մլն դոլարի տրանսֆեր, ապա ընդգծեց, որ համաձայն կանխատեսումների՝ այս տարվա ընթացում նախորդ տարվա համեմատ տրանֆերները կնվազեն 140 միլիոնով։
Անդրադառնալով պետական պարտքին՝ Վարդան Արամյանը նկատեց, որ 50 տոկոսից ավելի պետական պարտքը վտանգավոր ցուցանիշ չէ, այլ զգույշ լինելու ահազանգ։