26/10/2016 17:20
Հանրությանը ներկայացնել, թե մենք ինչ ուղղությամբ ենք գնում. վարչապետի հանձնարարականը նախարարություններին
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների և գերակա խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն՝ ՀՀ նախարարների, ՀՀ մարզպետների, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է հստակեցնել միջոցառումներն ու անելիքները, որոնք ձևակերպվել են համապատասխան հանձնարարականներով:
Վարչապետը ՀՀ նախարարություններին և գերատեսչություններին հանձնարարել է ներկայացնել մինչև ամսվա վերջ նախարարությունների, գերատեսչությունների կառուցվածքը, կազմը, գործառույթները՝ կրճատելով բոլոր ավելորդ գործառույթները: Ապա հանձնարարել է տալ առաջարկություններ ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների կրճատման, կենտրոնացման և գնումների վերաբերյալ:
«Տալ առաջարկություններ, թե որ որոշումները և գործառույթները պետք է կատարվեն նախարարության մակարդակով և չտեղափոխվեն կառավարություն: Կառավարության ընդունված ծրագիրն ադապտացնել նախարարություններին և գերատեսչություններին, մշակել հատուկ ծրագիր՝ պատասխանատուներով, ժամանակացույցով և համապատասխան միջոցառումներով», - ասել է Կ. Կարապետյանը:
Նա շեշտել է՝ պետք է վերանայել հանձնարարականների կատարման կարգապահությունը և ժամկետները: Ապահովել հետադարձ կապ հասարակության հետ պաշտոնական կայքերի, պատասխանատու անձանց միջոցով:
«Այսօրվանից սկսել աշխատանքները երկարատև զարգացման ծրագրերի վերաբերյալ: Վերանայել բոլոր վարկային ծրագրերը, որոնք առնչվում են տվյալ նախարարությանը կամ գերատեսչությանը՝ ուսումնասիրելով նպատակահարմարությունը և տալով հաշվելի գնահատականներ՝ պետք են, թե ոչ, ինչ օգուտ, մուլտիպլիկատիվ ինչ էֆեկտ են տալիս այդ նախագծերը», - նշել է նա:
ՀՀ վարչապետը հանձնարարել է նաև կատարել առաջարկություններ՝ ինչ ներդրումային նախագծեր, ծրագրեր կարող են կատարվել համապատասխան ոլորտներում, ձևակերպել, նպատակահարմարության դեպքում՝ տեղափոխել նոր ստեղծվող ներդրումային ֆոնդ:
«Հասարակությանը և հանրությանը կանոնավոր կերպով տեղեկացնել կատարված աշխատանքների մասին՝ ապահովելով հետադարձ կապը, ներկայացնել, թե մենք ինչ ուղղությամբ ենք գնում: Յուրաքանչյուր նախարարության և գերատեսչության մասով ներկայացնել առաջարկ այն հայտանիշների վերաբերյալ, թե ինչպես է կառավարությունը գնահատելու աշխատանքի արդյունավետությունը՝ ներգրավելով անհրաժեշտ բոլոր հայտանիշները, այդ թվում նաև՝ ներդրումներ, աշխատատեղեր, մասնագիտական կրթական ծրագրեր, դրամաշնորհներ և այլն:
Արտաքին գործերի նախարարությանը՝ դեսպանատների աշխատանքների գնահատման մեջ հաշվի առնել հետևյալ ցուցանիշները՝ ներդրումները տվյալ երկրից, առևտրային շրջանառությունը, արտահանումը, ներմուծումը, զբոսաշրջությունն այդ երկրի և մեր երկրի միջև: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը՝ կանոնավոր կերպով տեղեկատվություն տրամադրել Հայաստանում իրականացվելիք ծրագրերի և նախագծերի վերաբերյալ, որպեսզի ՀՀ դեսպանատները, արտաքին բլոկը տեղյակ լինեն և որոշակիացնեն այդ նյութերի հետ աշխատանքը», - հավելել է նա: