26/10/2016 17:32
Եթե չփոխենք կառավարիչների որակական մակարդակը, լավ կյանք չենք ունենա. վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների և գերակա խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն՝ ՀՀ նախարարների, ՀՀ մարզպետների, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարարին հանձնարարել է ստեղծել Ռազմավարական նախագծերի կենտրոն, տալ առաջարկություններ դրա կազմի, գործունեության վերաբերյալ:
«Ամփոփել ԾԻԳ-երի և գնումների կենտրոնացման վերաբերյալ հանձնարարականը», - նշել է վարչապետը:
Նա տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն ու ՀՀ ԿԱ պետականգույքի կառավարման վարչությանը հանձնարարել է առաջարկություն ներկայացնել ներդրումային ֆոնդի ստեղծման, ինչպես նաև գույքի ներգրավման վերաբերյալ՝ գույք, որը կարելի է աշխատեցնել, և գույք, որը կարելի է օտարել՝ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով:
Կարեն Կարապետյանի հաջորդ հանձնարարականը վերաբերել է տեսական զարգացման և ներդրումների նախարարությանը և Զբոսաշրջության բպետական կոմիտեին, այն է ՝ ներկայացնել համարձակ, որակապես նոր հայեցակարգ տուրիզմի զարգացման վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ մոտ ժամանակներս Գյումրիի օդանավակայանում ունենալու ենք բյուջետային ավիաընկերություն:
Վարչապետը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը հանձնարարել է դեսպանատների հետ արտասահմանում ակտիվ աշխատանք կազմակերպել՝ ներկայացնելով բոլոր այն նախագծերն ու հետաքրքրությունները, որ ունենք տվյալ երկրում:
«Վերանայել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության բոլոր ներկայացուցչությունները, տալ առաջարկություններ նպատակահարմարության վերաբերյալ, ինչպես նաև դեսպանատների հետ քննարկել՝ ներկայացուցչությունների գործառույթները դեսպանատներ տեղափոխելու հարցը, որպեսզի ունենանք ֆինանսական միջոցների օպտիմալացում», - ասել է նա:
Վարչապետը նշել է՝ մարզպետների հետ համատեղ, աշխատել յուրաքանչյուր մարզում բիզնես միջավայրի, աշխատատեղեր ստեղծելու ծրագրերի ուղղությամբ:
«Ձևավորել հարթակ և հետադարձ կապ, որի միջոցով գործարար համայնքը, հասարակությունը կարող են կապ հաստատել՝ ներկայացնելով իրենց առաջարկությունները, բողոքները, ծրագրերը: Հայաստանում հավատարմագրված դեսպանների, ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ նախաձեռնողական աշխատանքներ կազմակերպել՝ տեղյակ պահելով մեր ծրագրերի մասին», - ընդգծել է Կ.Կարապետյանը:
Կարեն Կարապետյանը հանձնարական է տվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ Բուհերի և այլ կրթական հաստատությունների հետ վերանայել ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն մասնագիտական հմտություններին, կիրառական հնարավորություններին, որոնք այսօր մեր հասարակությանը և մեր երկրին անհրաժեշտ են:
«Հատուկ ուշադրություն դարձնել գյուղական համայնքներում կրթության խնդրին, ՏՏ ոլորտին: Մենք ունենք կառավարիչների մակարդակը որակապես փոխելու խնդիր: Եթե դա չենք փոխում, մենք նոր, լավ կյանք չենք ունենալու», - շեշտել է նա: