27/10/2016 18:02
Eurowings-ի և Germanwings-ի մոտ 400 չվերթ է չեղարկվել
Գերմանիայում Eurowings և Germanwings ավիաընկերությունների առնվազն 380 միջազգային և ներքին չվերթներ են հինգշաբթի չեղարկվել բորտուղեկցորդների մեկօրյա գործադուլի հետևանքով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Deutsche Welle հեռուստառադիոընկերությանը:
Գործադուլը վերաբերում է ավելի քան 50 հազար ուղևորի: Երկու ավիաընկերությունները նրանց հնարավորություն են տվել տոմսերի ամրագրումը չեղարկել կամ փոխել առանց լրացուցիչ վճարի:
«Մենք ցավում ենք, որ ստիպված ենք այս գործադուլն անցկացնել: Բայց բանակցությունները հասան այն կետին, երբ գործելու այլընտրանք չէր մնացել, բացի գործադուլ անելուց»,-հայտարարել է ավիացիոն արհմիության ղեկավար Նիկոլայ Բաուբլիսը:
Ավելի վաղ ավիաընկերության և արհմիության ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել սակագնային բանակցություններ, սակայն կողմերին չի հաջողվել հասնել համաձայնության: