27/10/2016 17:17
«Սասնա ծռերից» Արմեն Բիլյանի վիճակը բավարար չէ. Լեղապարկի բորբոքում ունի
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանի առողջական վիճակը բավարար չէ:
«Երկու օր առաջ որովայնի սուր ցավերից էր գանգատվում, կողային հատվածում նաև սուր ցավեր ուներ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը:
Նա նշեց, որ համապատասխան դիմում է ներկայացրել քրեակատարողական հիմնարկ, որի հաջորդ օրը սոնոգրաֆիա է անցկացվել:
«Պարզվել է, որ նա լեղապարկի բորբոքում ունի: Ճիշտ է, բուժօգնություն ստանում է, բայց լեղապարկի բորբոքման դեպքում կալանավորման պայմաններում արդյունավետ բուժօգնություն կազմակերպելն այդքան էլ իրատեսական չէ», - նշեց Արմեն Բիլյանի փաստաբանը:
Նա փոխանցեց, որ համապատասխան դեղորայք են նշանակել իր պաշտպանյալին, որի մի մասը ՔԿՀ-ն կտրամադրի:
«Պետք է միջոցներ ձեռնարկենք, որ կարողանանք ապահովել դեղորայքի մի մասը», - ասաց Ա.Ֆանյանը:
Արմեն Բիլյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):