27/10/2016 19:50
Աշոտ Պետրոսյանի և Արայիկ Խանդոյանի տրամադրությունը բարձր է, ոգին՝ մարտական
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի առողջական վիճակում որևէ էական փոփոխություն չկա:
«Վիճակը լավ է, որևէ դժգոհություն չունի, պայմանները չեն փոխվել, նույնն է, երեկ եմ տեսակցել, առանձնահատուկ որևէ նոր բան չկա», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Նա նշեց՝ ինչպես նախկինում, հիմա էլ իր պաշտպանյալի տրամադրությունը բարձր է, ոգին՝ մարտական:
«Սասնա ծռերից» Աշոտ Պետրոսյանի առողջական վիճակում էլ, ըստ փաստաբանի, որևէ էական փոփոխություն չկա:
«Աշոտ Պետրոսյանն էլ որևէ դժգություն չունի, ամեն ինչ նորմալ է: Նրա մոտ էլ տրամադրությունը բարձր, ոգին՝ մարտական», - ասաց Արայիկ Պապիկյանը:
Նա նշեց, որ իր երկու պաշտպանյալներն էլ ծանոթացել են ՀՔԾ-ի վերջին հայտարարությանը:
«Եվ տարակուսանք կար, և զարմանք: Սպասում ենք քննչական մարմնի հետագա գործողություններին, որից հետո, արդեն, իրենց դիրքորոշումը կհայտնեն», - ասաց Արայիկ Խանդոյանի և Աշոտ Պետրոսյանի փաստաբանը:
Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝պատանդ վերցնելը, և 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը:
Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):