27/10/2016 10:46
Բնապահպանական խնդիրներ են առաջացել այն գետերի վրա, որտեղ ՀԵԿ-երի քանակը նախատեսվածից շատ է. Վարչապետ
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարներին հանձնարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցելով՝ 15-օրյա ժամկետում ներկայացնել փոքր հիդրոէլեկտրոկայանների ջրօգտագործման թույլտվությունների և շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում տիրող ներկա վիճակի վերաբերյալ առարկություններ:
«Առաջին` 2009 թվականի հունվար 22-ին ՀՀ կառավարության նիստի N3 արձանագրային որոշմամբ հաստատված փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեմայի վերանայում: Երկրորդ՝ Ախուրյան, Ձորագետ, Դեբետ, Արփա, Որոտան գետերի ավազաններում նոր հիդրոէլեկտրոկայանների կառուցման և նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ: Երրորդ՝ բնապահպանական խնդիրները մեղմելու նպատակով 20 տարի շարունակ շահագործված փոքր հիդրոէլեկտրոկայանների համար նոր գնագոյացման մեխանիզմների կիրառման առումով», -ասաց Կ.Կարապետյանը:
Նա նշեց, թե վստահ չէ, որ կա արդեն 20 տարի շարունակ օգտագործվող հիդրոէլեկտրոկայան:
«Բայց մենք պետք է ունենանք, որպեսզի հասկանանք սակագնային քաղաքականությունն այդ ոլորտում՝ ինչպես է լինելու, երբ բիզնեսը իր գումարները փոխհատուցի», - ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետն ընդգծեց` արդեն իսկ կան բնապահպանական հնարավոր խնդիրներ այն գետերի վրա, որտեղ հիդրոէլեկտրոկայանների քանակն ավելի շատ է նախատեսված, քան` իրականում անհրաժեշտ էր: