27/10/2016 12:05
1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածը ողբերգություն է մեր պետության և մեր ժողովրդի համար. Գալուստ Սահակյան
Խորհրդարանի այգում հարգանքի տուրք մատուցվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորները, զոհված գործիչների հարազատները, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչները, խորհրդարանում հավատարմագրված լրագրողները ծաղիկներ են դրել ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածը ողբերգություն է մեր պետության և մեր ժողովրդի համար։
Տասնյոթ տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ՀՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում ոճրագործության զոհ դարձան Աժ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը։