27/10/2016 12:26
Գյումրու «Շիրակ» օդանավակայանի մրցակցային առավելությունը պետք է լինի ավելի մատչելի տոմսեր առաջարկելը. Սերգեյ Ավետիսյան
Գյումրու «Շիրակ» օդանավակայանի մրցակցային առավելությունը պետք է լինի այն, որ ավելի մատչելի և այլ տրամաբանության մեջ տոմսեր առաջարկի:
Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գյումրու «Շիրակ» օդանավակայից դեպի Մոսկվա 10 հազար դրամ արժողությամբ ավիատոմսերով թռիչքներ իրականացնելուն, ասաց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
«Սա շատ կարևոր իրադարձություն է հենց այն պատճառով, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը մեր կողմից նախատեսված և նախագծված ձևաչափով սկսելու է աշխատել», - ասաց վարչության պետը:
Նրա խոսքով՝ Վրաստանում բաց երկնքի քաղաքականությանն անցում է կատարվել մոտ 10 տարի առաջ. «Սա նշանակում է, որ մենք մի փոքր ուշացումով ենք մտել այստեղ: Ժամանակ է պահանջվում, որպեսզի աշխարհն ադապտացվի դրան, որպեսզի հասնի այն իրողությունը, որ Հայաստանը պատրաստ է համաձայնագրերը վերանայել, Հայաստանը պատրաստ է հնարավություններ տալ ավիափոխադրումներ իրականացնելու համար»:
Սերգեյ Ավետիսյանն ասաց նաև, թե իր կարծիքով պտուղներն արդեն իսկ տեսանելի են, տոմսերն էժան չեն, աշխատելու տեղ կա, բայց պետք է ընդունել, որ տոմսերը նախկինի համեմատ բավական էժանացել են:
Հարցին, թե Վրաստանից շուրջ 40 ԱՄՆ դոլարով Եվրոպա են մեկնում, Հայաստանում այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր են արվում, Սերգեյ Ավետիսյանը պատասխանեց. «Եթե հիմա «Շիրակ» օդանավակայանը «Պոբեդա» ավիաընկերության առաջին մուտքով սկսի վաճառել 10 հազար դրամ արժողությամբ տոմսեր, սա կնշանակի ձեր հարցի պատասխանը»:
«Սա նախադեպ է: Բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա այն ձևաչափով, որ ձևաչափով որ պետք է լինի: Մասնավորապես, մենք բազմիցս խոսել ենք, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը «Զվարթնոց միջազգային օդանավակայաններ» կազմակերպության տնօրինության հետ նախատեսել ենք զարգացնել որպես բյուջետային ավիաընկերությունների համար աշխատող օդանավակայան: Սա հենց այդ դասական օրինակն է, որը տեղի է ունենում: Այդ 10 հազար դրամի հարցը շատ էր քննարկվում: Կարող եք մտնել «Պոբեդա» ավիաընկերության կայքէջը և տեսնել, որ իր կողմից իրականացվող տոմսերը գները սկսվում են 999 ռուբլուց. դա կազմում է շուրջ 7500 դրամ: Այո, ես վստահ եմ, որ այդ ուղղության վրա տոմսերը լինելու են նաև այդ գնով», - ասաց Սերգեյ Ավետիսյանը:
Քաղավիացիայի վարչության պետն ասաց, թե շարունակ փորձում են ինչ-որ վատ բան գտնել արված լավ բանի մեջ:
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թվականի նոյեմբեր ամսվա վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել, տեղեկացնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի լրատվական ծառայությունից:
Ավիաընկերության ավիատոմսերի արժեքները լինելու են սկսած 10 հազար դրամից: