27/10/2016 10:59
Զինծառայողների ընտանիքի անդամ կհամարվեն նաև այլ վայրում բնակվող նրանց ծնողները. Օրենքում լրացում կատարվեց
ՀՀ գործադիրի այսօրվա նիստում որոշում կայացվեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարել՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությանն առնչվող խնդիրները լուծելու նպատակով:
«Համաձայն օրենքի ՝զինծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքում նախատեսված է միանվագ դրամական օգնություն, ընդ որում, ծնողները համարվում են ընտանիքի անդամ, եթե զինծառայողի հետ բնակվում են համատեղ», - կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նրա խոսքով՝ իրենց մշտական բնակության վայրից հեռու տեղակայված զորամասերում ծառայող զինծառայողները, որոնք հաշվառված են վարձակալած կամ պաշտպանության նախարարության տրամադրած ծառայողական բնակարաններում, չեն կարողանում օգտվել այդ իրավունքից:
Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ, հաշվի առնելով վերոնշյալը, առաջարկվում է օրենքում համապատասխան լրացում կատարել:
«Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ օրենքի 30.2 հոդվածի իմաստով ընտանիքի անդամ են համարվում նաև ծառայողական բնակելի տարածությունում բնակվող կամ բնակելի տարածությունների վարձակալության համար դրամական փոխհատուցում ստացող զինծառայողի՝ այլ վայրում բնակվող ծնողները», - հավելեց նախարար Ասատրյանը: