27/10/2016 11:29
Մեր պետականությունը գլխատվեց. Վազգեն Սարգսյանն անփոխարինելի է. Էդուարդ Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի միջադեպը լուրջ հարված էր երկրի զարգացմանը:
«Դա մեծ հարված էր մեր պետականությանը: Այն գլխատվեց: Ինձ համար փաստ է, որ Վազգեն Սարգսյանն անփոխարինելի է», -լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս չցանկացավ խոսել մեղավորների մասին՝ պնդելով, որ ինքն այդ ժամանակ քաղաքականության մեջ չի եղել, ինքն ամեն ինչ չի տեսել, բացի այդ էլ՝ չի տիրապետում համապատասխան դատական գործերին: Է. Շարմազանովն ընդգծեց, որ ինքը կարող է հնչեցնել միայն քաղաքական գնահատական:
«Ինչքան ինձ տեղյակ է հանցագործները, գոնե հանցագործություն իրականացնողները պատժված են: Չգիտեմ նոր բաներ կբացահայտվեն, թե՝ ոչ: Եթե Միացյալ նահանգների նման երկրում Քենեդու սպանության առեղծվածը դեռևս ամբողջությամբ պարզ չէ, ապա Հայաստանի նման երկրում ինչպե՞ս կարող ես հերքել կամ հաստատել դեպի բացահայտումը», - ասաց նա:
Վերջինս նշեց, որ 1999 թ-ի հոկտեմբերի 27-ից պետք է լուրջ դասեր քաղել և հասնել նրան, որպեսզի երկրում որևէ մեկը չկարողանա կրակել ոչ ընդդիմության, ոչ իշխանության, ոչ ոստիկանի, ոչ էլ քաղաքացու վրա: