27/10/2016 13:06
Եթե Իրան-Ադրբեջան-Ռուսաստան կապը հզորանա, Հայաստանն իր դերն ու նշանակությունը չի կորցնի. Արեգ Գալստյան
Խորհդրարանում քննարկվում է 2012 թվականի մայիսի 30-ին Աշխաբատում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքների ապահովման մասին» 1998 թվականի նոյեմբերի 25-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:
Հիմնական զեկուցող ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն ընդգծեց, որ արձանագրությամբ նախատեսված են որոշակի լրացումներ և պարզաբանումներ նշված պայմանագրում կողմերի միջև էլեկտրաէներգիայի պլանային և արտապլանային վթարային իրավիճակների սահմանումների, ինչպես նաև կողմերի էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի կազմակերպման իրավական, տեխնոլոգիական և տնտեսական սկզբունքների վերաբերյալ:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե տարածաշրջանային ռեգիոնալ էներգետիկ շուկա ձևավորելու հարցում ո՞րն է լինելու Ադրբեջանի դերը, այն հանդես կգա որպես խաղացող, թե՞ դիտորդ:
Հիմնական զեկուցող Արեգ Գալստյանն ընդգծեց, որ վերջին երկու տարիների ընթացքում Իրան-Ադրբեջան համագործակցության շրջանակը մեծացել է: Նրա խոսքով՝ այս գործընթացից դուրս չի մնացել նաև Ռուսասատանը, ուստի չի բացառվում, որ էլեկտրաէներգիայի հնարավոր փոխանակումների մեծացման հարցը լուծվի եռակողմ ձևաչափով:
«Այստեղ մենք որևէ խնդիր չունենք: Ավելին, մեր կանխատեսումները ցույց են տալիս, որ նույնիսկ եթե Իրան-Ադրբեջան-Ռուսաստան կապը հզորանա, Հայաստանն իր դերն ու նշանակությունը չի կորցնի: Մենք ողջունում ենք ՌԴ-ի՝ Իրանի հետ իր կապերը մեծացնելու ցանկությունը: Եթե այսպես լինի, Հայաստանը կարող է հզորացնել իր տրանզիտային միջանցքը», - ասաց նա: