27/10/2016 15:41
ՀՀԿ-ական պատգամավորն առաջարկում է վերանայել փոքր ՀԷԿ-երի լիցենզավորման հարցը
ԱԺ-ում «Էներգետիկայի մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Արմեն Կարապետյանը հետաքրքրվեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանից, թե ինչպե՞ս է նախարարությունը պատրաստվում վերահսկել ՀԷԿ-երին տրամադրվող լիցենզավորման կարգը:
«Այսօր այս հարցին կառավարության նիստում անդրադարձավ նաև վարչապետը՝ հանձնարարելով նախարարությանը վերանայել փոքր ՀԷԿ-երին տրամադրվող լիցենզավորման կարգը: Վարչապետն անհանգստացած է, որովհետև շատ ՀԷԿ-եր են ներկակացված լիցենզավորման, մինչդեռ դրանցում չկա բավականացնող ջուր: Ինձ անհանգստացնում են փոքր ՀԷԿ-երը, որոնք խմելու ջրի ջրագծի վրա են և դրանց տրվել է լիցենզիա, բայց արդյոք ժամանակը չէ՞, որ դրանց լիցենզիա տրամադրելու հարցը վերանայվի և նրանց այլևս լիցենզիա չտրամադրվի»,-ասաց նա:
Պատասխանելով հարցին՝ Արեգ Գալստյանը նշեց, որ այս հարցը խորհրդարանում քննարկվել է նաև նախորդ տարի, բայց իրարամերժ կարծիքների պատճառով հանգուցալուծման գալ այդպես էլ չի հաջողվել, մինչդեռ խմելու ջուրը շատ արագ շարունակում է սպառվել:
«Թույլ տվեք հիմա այս հարցին չպատասխանել: Ես պիտի հանձնաժողովի հետ քննարկեմ այս հարցը: Իրավիճակը կպարզենք և եթե սպառողների համար անվտանգության հարցերը առաջանան, կապված խմելու ջրի հետ, ապա այս հարցին կանդրադառնանք»,-ասաց նա: