27/10/2016 18:40
Հովհաննես Հարությունյանի վիրավոր ոտքի գույնը մգացել է. Երեք ամիս անց նա դեռ չի վիրահատվել
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ:
«3 ամիս է անցել, ինչ Հովհաննես Հարությունյանը ստացել է աջ ոտքի հրազենային վիրավորում, սակայն մինչ օրս չի վիրահատվել: Նա ունի բարդ բուժելի վնասվածք, իսկ դրա բուժման հետ կապված համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը:
Փաստաբանը նշեց, որ մեկ ամիս խնդրի մասին չի բարձրաձայնել, քանի որ «Էրեբունի» ԲԿ-ն հայտարարել էր, որ պետք է սպասել:
«Մեկ ամսից ավելի է անցել, բայց որևէ քայլ չկա, իսկ իմ պաշտպանյալի առողջական վիճակն ավելի է վատանում», - նշեց Հ.Սարգսյանը:
Հովհաննես Հարությունյանի փաստաբանը փոխանցեց, որ նրա վիրավոր ոտքը գույնը փոխել է. «Տեսակցության ժամանակ նկատել եմ, որ նրա վիրավոր ոտքի գույնը մգանում է, ինչն ինձ շատ է մտահոգում»:
Փաստաբանը նշեց, որ, չնայած այս ամենին, Հովհաննես Հարությունյանը չի ընկճվում:
«Հովհաննեսը շատ ուժեղ տղա է, պայքարող, ոգին մարտական է, երբեք չի կոտրվում ու չեմ էլ կարծում, որ երբևիցե կկոտրվի», - նշեց նրա փաստաբանը:
Հովհաննես Հարությունյանին, ով այժմ Դատապարտյալների հիվանդանոցում է, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: