27/10/2016 21:36
Մաքսային տարածքում հետագծելիության մեխանիզմը չպետք է հակասության մեջ մտնի ապրանքների տեղափոխման ազատության հետ. Վարչապետ
Հայաստանը լիովին կիսում է ԵԱՏՄ մաքսային տարածքում հետագծելիության մեխանիզմի ներդրման միջոցով ապրանքների շրջանառության օրինականության ապահովման վրա հիմնված մոտեցումը, ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
«Տվյալ մեխանիզմը պետք է ներդրվի այդպիսի եղանակով, որ դրա գործարկումը հակասության մեջ չմտնի մեր միության հիմնասյուներից մեկի՝ ապրանքների տեղափոխման ազատության հետ: Ուստի մենք պատրաստ ենք ակտիվ փոխգործակցությանը պետությունների հետ՝ այդ կապակցությամբ առկա հարցերի քննարկման համար», - նշել է Կ.Կարապետյանը։
Նրա խոսքով, նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված համատեղ ջանքերը թույլ կտան ինտեգրացիոն գործընթացներում էական առաջընթացի հասնել:
«Հայկական կողմը պատրաստ է գործընկերների հետ ամենասերտ համագործակցությանը», - ասել է վարչապետ Կարապետյանը։
Նա նաև նշել է, որ միջազգային համագործակցությունը, որն ընթանում է ԵԱՏՄ արտաքին առևտրային քաղաքականության ձևավորման, երրորդ երկրների և առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ տնտեսական հարաբերությունների խորացման հունով, առաջին հերթին կոչված է նպաստելու անդամ-պետությունների ազգային տնտեսությունների արդիականացմանը և նրանց մրցունակության մակարդակի բարձրացմանը:
«Մենք ելնում ենք նրանից, որ միջազգային և բազմաձևաչափ փոխգործակցության ընդլայնումը պետք է հիմնված լինի իրական նախադրյալների վրա և կառուցվի՝ հաշվի առնելով երրորդ երկրների իրական պատրաստությունը փոխգործակցություն հաստատելու ինչպես ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ-պետության հետ առանձին, այնպես էլ ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության հետ», - հայտարարել է Կ.Կարապետյանը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին քննարկվել և հավանության է արժանացել մի շարք նախագծեր: Մասնավորապես խորհուրդը հավանության է տվել ԱՊՀ մարմինների 2017 թվականի միասնական բյուջեի ու 2015 թվականի միասնական բյուջեի կատարողականի նախագծերը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հատկապես կարևորվել է կառույցի՝ երրորդ երկրների հետ համագործակցության շուրջ աշխատանքների ինտենսիվացումն, ինչպես նաև՝ ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցերը:
Մասնավորապես ընդգծվել է, որ մի շարք երկրներ հետաքրքրություն են դրսևորում ԵԱՏՄ-ի հետ տարբեր ձևաչափերում համագործակցության շուրջ, ինչի ուղղությամբ համապատասխան քայլեր են իրականացվում:
Միջկառավարական խորհրդի մասնակիցները շնորհավորել են Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների ղեկավարներին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու և խորհրդի աշխատանքներին առաջին անգամ մասնակցելու կապակցությամբ: