27/10/2016 12:38
Չճշտված հարցը կառավարության օրակարգ բերելը նորից զայրացրեց վարչապետին
Կառավարությունը պետբյուջեից գումար կհատկացնի սիրիահայ ուսանողների 2016 թվականի ինն ամիսների ուսման վարձերը վճարելու համար։
«Սիրիահայ ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար ֆինանսական միջոցների հիմնական ծավալը տրամադրվել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության, Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից: Ցուցաբերած նյութական աջակցության բավարար չլինելու պատճառով սիրիահայ ուսանողների ուսման ամբողջ վարձը փոխհատուցելու նպատակով ֆինանսական միջոցներ են տրամադրվել նաև պետական բյուջեից», - կառավարության նիստում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախարարը նշեց, որ ներկայումս Հայաստանում ապրում է 500 սիրիահայ ուսանող, ուսման համար վճարը չեն կարողանում մուծել մոտ 400-ը։
«Ուսման ամբողջ վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ է պետական բյուջեից հատկացնել ֆինանսական միջոցներ՝ 20 մլն դրամի չափով», - նշեց Հ. Հակոբյանը:
Այս հարցում առարկություն ուներ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Ես առաջարկում եմ, որ այս օգնությունը լինի ԿԳՆ-ի միջոցների հաշվին՝ հաշվի առնելով երկրի ֆինանսական վիճակը», - ասաց Վարդան Արամյանը:
«Նախանիստին ինչի՞ չեք քննարկել այս հարցը։ Եթե չեք քննարկել, հիմա նիստ մի բերեք դա», - արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանը, ապա երկու օր ժամանակ տվեց՝ հարցը ճշտելու համար: