28/10/2016 11:50
2016 թվականի լավագույն ֆուտբոլիստներն՝ ըստ «WhoScored»-ի. Մխիթարյանը` թոփ 15-ում
Վիճակագրական տվյալներ հաշվարկող «WhoScored.com» կայքը, որը յուրաքանչյուր պաշտոնական խաղից հետո առանձնացնում է ֆուտբոլիստների օգտակար գործողությունները և դրանց հիման վրա միջին գնահատական ստանում, կազմել է այս պահի դրությամբ աշխարհի լավագույն 30 ֆուտբոլիստների ցուցակը:
Ներկայումս 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին է, ով միջինը մեկ խաղի համար 10 հնարավորինից ստանում է 8,41 վարկանիշային միավոր: Արգենտինացուն հետևում է «կապտանռնագույնների» մեկ այլ հարձակվող Նեյմարը. 8,23 վարկանիշային միավոր: Մնացած բոլոր խաղացողները 8 միավորը չեն գերազանցում: Լավագույն եռյակը եզրափակում է «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդու (7,98):
Լավագույն տասնյակում են նաև Պոլ Պոգբան («Յուվենտուս»/«Մանչեսթեր Յունայթեդ»), Զլատան Իբրահիմովիչը (ՊՍԺ/«Մանչեսթեր Յունայթեդ»), Գարեթ Բեյլը («Ռեալ»), Լուիս Սուարեսը («Բարսելոնա»), Ալեքսիս Սանչեսը («Արսենալ»), Պաուլո Դիբալան («Յուվենտուս») և Դիմիտրի Պայետը («Վեսթ Հեմ»):
Նշված 10 ֆուտբոլիստներից 9-ը հավակնելու են «Ոսկե գնդակին»: Բացառություն է կազմել միայն Ալեքսիս Սանչեսը, ում «WhoScored»-ի ցուցակից փոխարինել է Թոնի Կրոսը, ով այդ հաշվարկում միայն 19-րդն է:
Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վիճակագրության ու օգտակար գործողության տեսանկյունից փայլուն տարի է անցկացրել և 7,63 վարկանիշային միավորով 14-րդ տեղում է: