28/10/2016 14:42
ԱԺ նոր կանոնակարգով քառօրյա նիստերի ժամաքանակը կավելանա
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը պատգամավորներին և լրագրողներին ներկայացրեց ԱԺ նոր կանոնակարգը, որը կիրառության մեջ կմտնի խորհրդարանական կառավարմանն անցում կատարելուց հետո։
Համաձայն նոր կանոնակարգի՝ ԱԺ քառօրյա նիստերը կգումարվեն երեքշաբթիից ուրբաթ ժամը 10։00-18։00։ Երկուշաբթի օրերին կգումարվի ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ կորոշվի քառօրյայում քննարկվելիք հարցերի հաջորդականությունը։
Հովհաննես Սահակյանն ընդգծեց, որ քառօրյա նիստերի հաջորդ շաբաթը կգումարվեն խմբակցությունների նիստեր, որոնց ընթացքում որոշումներ կկայացվեն քառօրյայում հնչած նախագծերի վերաբերյալ, բացի այդ՝ խմբակցությունները իրավունք կունենան նիստերի ժամանակ քննարկել տարբեր պաշտոններում թեկնածուներ առաջարկելու հարցը, որի իրավունքը խմբակցություններին տալիս է նոր սահմանադրությունը։
Խմբակցության նիստերին հաջորդող շաբաթ կգումարվեն մշտական հանձնաժողովի նիստեր, որից հետո նորից կմեկնարկեն քառօրյա նիստերը։
Նոր կանոնակարգով նիստը նախագահողն իրավունք ունի 15 րոպեով երկարացնել 90 րոպեանոց նիստը՝ հնարավորություն ընձեռելով պատգամավորներին ավարտել հարցերն ու պատասխանները։
Կանոնադրությունն առաջարկում է նաև կրճատել հարց ու պատասխանի համար տրամադրվող ժամանակը։ Հովհաննես Սահակյանն առաջարկեց պատգամավորներին գրավոր տարբերակով 7-10 օրվա ընթացքում ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները կանոնակարգի մասին, որպեսզի մինչև առաջին ընթերցում կանոնակարգում համապատասխան փոփոխություններ արվեն։
Հովհաննես Սահակյանն ընդգծեց նաև, որ նոր կանոնակարգի նպատակներից մեկն էլ խորհրդարանում ընդդիմության դերի բարձրացումն է, ուստի կանոնակարգը սահմանում է, որ ԱԺ փոխնախագահներից մեկը լինելու է ընդդիմադիր դաշտից։