28/10/2016 16:32
ԱԻՆ-ն ուսումնասիրում է տպարանի շենքի պայթեցման աշխատանքների հետևանքներն ու արդյունքները
Արտակարգ իրավիճակների նախարարությունն իրականացնում է նախկին տպարանի շենքի պայթեցման աշխատանքների արդյունքների ու հետևանքների ուսումնասիրություն:
«Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարությամբ՝ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունն ուսումնասիրում է Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների արդյունքներն ու հետևանքները», - Aysor.am-ի թղթակցին ասաց ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Նանա Գնդոյանը:
Նրա խոսքով, ուսումնասիրության եզրակացության վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի:
Տպարանի շենքի պայթեցումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել հասարակության շրջանում: Կատարվածը բուռն քննադատության է արժանացել նաև սոցիալական ցանցերում:
Ավելի վաղ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանն ասել էր, որ իրենք տեղյակ չեն եղել շենքի պայթեցման մասին:
Իսկ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր հայտարարել է, որ տպարանի շենքն իրականում այնքան էլ արժեքավոր չէր ու ներառված չէր պատմամշակութային հուշարձանների շարքում: