28/10/2016 13:48
Դատարանների համար կարծես կյանքի ու մահվան խնդիր լինի, որ Անդրիաս Ղուկասյանը պետք է գտնվի անազատության մեջ. փաստաբան
«Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի փաստաբանի կարծիքով՝ հուլիսի 29-ին իր պաշտպանյալը ընդհանրապես զանգվածային անկարգության ոչ կոչեր, ոչ գործողություններ, ոչ էլ դրա հետ առնչվող որևէ արարք չի կատարել:
«Անդրիաս Ղուկասյանը չէր ասի՝ եկել է, որպեսզի եղբայրասպան բախում թույլ չտա», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:
Նա նշեց, որ վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է նյութեր, որոնցով հաստատվում է, որ նման անկարգություններ չեն եղել:
«Պատկերը շատ պարզ է ու փոխանակ Անդրիաս Ղուկասյանի ու մյուս տղաների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործը հատուկ քննչական ծառայություն ուղարկելու, մեր դատախազությունը, քննչական մարմինը դիմում են դատարաններ կալանքի ժամկետն են երկարացնում, գրավի միջնորդություններն են մերժում», - նշեց Կարեն Մեժլումյանը:
Անդրիաս Ղուկասյանի մյուս պաշտպան Ինեսսա Պետրոսյանի կարծիքով էլ՝ Հայաստանի դատարանները, գտնվելով քաղաքական պատվերի տակ, չեն բավարարում պաշտպանական միջնորդությունները:
«Կարծես թե, իրենց համար կյանքի ու մահվան խնդիր լինի, որ Անդրիաս Ղուկասյանը պետք է գտնվի անազատության մեջ», - ասաց Ինեսսա Պետրոսյանը:
Փաստաբանի խոսքով՝ ակնհայտ է դառնում, որ Անդրիաս Ղուկասյանի մասով իր քաղաքական հայացքների համար կա հստակ հետապնդում:
Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններ հրահրելը)։
Ղուկասյանը անազատության մեջ է գտնվում հուլիսի 30-ից:
Սեպտեմբերի 24-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը: