28/10/2016 18:58
Դավիթ Լոքյանը Արագած համայնքնում ծանոթացել է ՀՀ մարզպետարանների աշխատակիցների համար կազմակերպված դասընթացի աշխատանքներին
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզի Արագած համայնք, որտեղ ծանոթացել է Հայաստանի մարզպետարանների աշխատանքային խմբերի համար կազմակերպված եռօրյա դասընթաց-քննարկումների ընթացքին:
Նախարարին ուղեկցել է Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը:
ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հոկտեմբերի 26-28-ը կազմակերպել էր դասընթաց-քննարկումներ, որին մասնակցել են մարզպետարանների զարգացման բաժինների ներկայացուցիչներ: Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ, իսկ դասընթացն անցկացրել են ԵՄ փորձագիտական խումբը՝ տարածքային զարգացման խորհրդատու Ռոբերտ Գիրեյկոյի գլխավորությամբ:
Դավիթ Լոքյանը ծանոթացել է մարզային խմբերի ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել յուրաքանչյուր մարզի զարգացման ծրագրով, հետևել դասընթացի ժամանակ մարզային խմբերի կողմից մշակված ռազմավարական ծրագրերի ներկայացմանը։ Նախարարը մի շարք դիտարկումներ է արել ներկայացված ծրագրերի վերաբերյալ, ընդգծել, որ մարզերում տնտեսական զարգացում ապահովելու համար պետք է փաստարկված ծրագրեր ներկայացնել։
Նախարարը շեշտել է, որ միայն նման ծրագրերի դեպքում կառավարությունը կարող է գումարներ հատկացնել։
«Շատ եմ կարևորում մարզպետարանների ծրագրային զարգացման բաժինների աշխատանքը։ Եվրոպական փորձը շատ արդյունավետ է տարածքային համաչափ զարգացման գործընթացներում։ Արդյունքում հնարավոր է եղել տնտեսական զարգացում ապահովել այդ երկրներում, որպեսզի մարդկանց համար ապրելու հարմարավետ պայմաններ ստեղծվեն և մարդիկ կարողանան աշխատանք գտնել ցանկացած բնակավայրում»,-ասել է Դավիթ Լոքյանը։