28/10/2016 15:49
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2016 թ-ի մրցանակին է արժանացել Լուի Պուզանը
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի ամենամյա մրցանակին 2016 թվականին արժանացել է ֆրանսիացի գիտնական, դեյտագրամի գյուտարար, Համաշխարհային սարդոստայնի CYCLADES հեղինակ Լուի Պուզանը։
Մրցանակաբաշխության կազմակերպչական կոմիտեի անդամներն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում մանրամասներ ներկայացրեցին կազմակերպչական աշխատանքից։
Մրցանակաբաշխության կազմկոմիտեի նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը նշեց, որ շուտով տեղի կունենա ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար նախագահի ամենամյա մրցանակաբաշխությունը։
«Այն դարձել է մեր կյանքի մի մասը, հատկապես այն մարդկանց, ովքեր զվաղվում են այս ոլորտում։ Արդեն ունեցել ենք տարբեր երկրներից 6 մրցանակակիր։ Նրանք, բացի նրանից, որ էական նշանակություն են ունեցել իրենց խորհուրդներով ու ներդրումով, նաև դարձել են Հայաստանի բարեկամները», - ասաց Ա.Գևորգյանը:
Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը նշեց, որ հպարտությամբ է նմանատիպ միջոցառումնեի մասնակցում:
«Տարիներ առաջ այս մրցույթին շատերը թերահավատորեն էին վերաբերվում։ Հպարտ եմ այն թիմով, որն այս ամենը նախաձեռնել և իրականություն է դարձրել։ Այս տարի մրցանակին արժանացել է ֆրանսիացի հայտնի գիտնական Լուի Պուզանը, ով համարվում է համացանցի միջազգային սարդոստայնի կնքահայրերից մեկը։ Նա հանդիպումներ կունենա ինչպես բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այնպես էլ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ», - տեղեկացրեց նա:
«Վստահ ենք, որ տարիներ անց այս պատվավոր մրցանակին արժանացած հսկաները կժամանեն Հայաստան՝ իրենց հետ բերելով բարձրագույն տեխնոլոգիական ժամնակակից մշակույթ, և ամբողջ աշխարհում կբարձրացնեն մեր պետության իմիջն ու ճանաչողությունը, որպես գիտելիքին և ինտելեկտին ապավինող երկիր», - ասաց Հովիկ Մուսայելյանը։
Մրցանակաբաշխության գլխավոր հովանավոր, հանձնաժողովի անդամ Ռալֆ Յիրիկյանի խոսքով, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության համար գաղափարախոսություն է այսպիսի ծրագրերի կողքին լինել։
«Մեր գործն է մեր երկրի անունը բարձր պահել ՏՏ ոլորտում», - ասաց նա:
Իսկ մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյան նշեց, որ երկրորդական է, թե այս մրցանակակիրներն ինչ կոչումներ ունեն, քանի որ «մենք ավելի բարձր նշաձող ենք սահմանել»։
«Նրանք մարդիկ են, ովքեր իրենց գործունեությամբ փոխել են աշխարհը։ Ինձ համար պատիվ է լինել այս գործում, նախանձելի վիճակում ենք, այլ երկրներում նման նախաձեռնություններ չեն լինում», - ասաց Թ.Մորոյան:
Նշենք, որ մինչ այս ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի ամենամյա մրցանակի արժանացել են «Ինտել» կորպորացիայի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարրետը, «Apple Computer» կորպորացիայի հիմնադիր Ստիվ Վոզնիակը, Synaptics ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, Hitachi ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, Cisco Սիսթեմս ընկերության զարգացման գծով տնօրեն Մարիո Մացցոլան, Կասպերսկի Լաբորատորիա ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին։