28/10/2016 14:28
Թյուրիմացություն է եղել. Իվետա Տոնոյանը պարզաբանում է Ծառուկյանի ու «Ազատության» լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպը
Գագիկ Ծառուկյանի ու «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի միջև տեղի ունեցածը թյուրիմացություն է եղել:
«Այն, ինչ տեղի է ունեցել պարոն Ծառուկյանի ու «Ազատության» լրագրողի միջև, ընդամենը թյուրիմացություն է եղել», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նա Aysor.am-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչի արդյունքում է առաջացել թյուրիմացությունը:
«Քանի որ լրագրողը հարցը տալու սկզբում չի ներկայացել, բարձրախոսը տարբերանշան չի ունեցել, համապատասխան բեյջ չի ունեցել, արդարացիորեն թյուրիմացություն է առաջացել, քանի որ ցանկացած մարդ կարող էր մտածել, որ դա ուղղորդված ինչ-որ սադրանք է», - ասաց Իվետա Տոնոյանը:
Նա հույս հայտնեց, որ տեղի ունեցածը չի խանգարի «Ազատություն» ռադիոկայանի հետ արդյունավետ համագործակցությանը:
«Ես հուսով եմ, որ մենք կշարունակենք նույն կերպ, ինչպես նախկինում, համագործակցել: Ես պարոն Ծառուկյանի անունից ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ դա բացարձակապես նպատակաուղղված չի եղել կոնկրետ «Ազատություն» ռադիոկայանի և կոնկրետ լրագրողի դեմ», - նշեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը:
Ի դեպ, Aysor.am-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանն «Ազատության» լրագրողին առաջարկել է հանդիպել ու խոսել, սակայն մեր՝ տեղեկության մասին հարցը Ծառուկյանի մամուլի խոսնակն անպատասխան թողեց:
«No comment», - ասաց Իվետա Տոնոյանը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցը վրդովվեցրել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանին:
«… Դու մուտիլովչիկ ես: …Եթե քո բարեկամը կարիքի մեջ լինի, հոսանքի փողը չես տա, քո դեմքից երևում ա…», - մասնավորապես, ասել էր Ծառուկյանը: