28/10/2016 12:05
Կառավարության ծրագրում պետք է տեղ հատկացվեր գործազրկության հարցին․Մհեր Շահգելդյան
ՕԵԿ խմբակցությունը կառավարության նոր ծրագիրը լիարժեք չի համարում, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ ՕԵԿ-ը դժգոհ է, քանի որ «Նաիրիտի» և «Քիմպրոմի» հետ կապված հարցերը դուրս են մնացել կառավարության ծրագրից։
Մ.Շահգելդյանը նաև նշեց, որ խմբակցությունը չի կարող չգնահատել այն ձեռքբերումը, որ կառավարության նոր կազմը համալրվեց իրենց գործին լավ տիրապետող մարդկանցով։
«Բայց միայն այսքանը քիչ է։ Կառավարության ծրագրում պետք է առանձին տեղ հատկացվեր գործազրկության հարցին, քանի որ դրա միտումները Հայաստանում ավելանում են։ Ներկայումս 4-8 տոկոսով աշխատունակ բնակչության քանակը քչացել է, մարդիկ դուրս են գալիս հանրապետությունից։ Մոտ 17 տոկոսով էլ աշխատանք փնտրողների քանակն է ավելացել», - նշեց նա։
Վերջինս հույս հայտնեց նաև, որ «Նաիրիտի» վերաբերյալ քննարկումները կշարունակվեն, քանի որ այն կարող է լուծել սոցիալական մի շարք կարևոր հարցեր։