28/10/2016 16:04
Պատգամավորներն առաջարկում են վերանայել օրենսդիրներին խմբակցությունից հեռացնելու հարցը
«ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորներ Վարդան Այվազյանն ու Խոսրով Հարությունյանն անդրադարձան պատգամավորների՝ խմբակցություններից դուրս գալու հարցին։
Խոսրով Հարությունյանը նշեց, որ ինքն անընդունելի է համարում պատգամավորին խմբակցությունից հեռացնելը միայն նրա համար, որ վերջինս ԱԺ-ում քվեարկության ժամանակ իր խմբակցության դիրքորոշմանը հակառակ է քվեարկել։
«Պետք չէ հեռացնել այն մարդուն, ով խմբակցության մեջ է, բայց այլ կերպ է քվեարկել։ Ես դեմ եմ այս գործընթացին», - ասաց նա՝ առաջարկելով վերանայել այս հարցը ԱԺ նոր կանոնակարգում։
Պատգամավորի նույն մտահոգությունը կիսեց նաև ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը, ի պատասխան Հովհաննես Սահակյանը նշեց, որ սա շարունակում է կարևոր խնդիր մնալ, որովհետև դադարելով լինել խմբակցության անդամներ և դառնալով անկախ պատգամավորներ՝ պատգամավորները կորցնում են մի շարք առավելություններ։
Հովհաննես Սահակյանը կոչ արեց այս առաջարկությունները գրավոր տարբերակով ներկայացնել մինչև Աժ նոր կանոնակարգի առաջին ընթերցման ներկայացնելը, որպեսզի դրանք մինչև ընթերցում ընդգրկվեն նոր կանոնակարգում։