28/10/2016 18:31
Վահան Մարտիրոսյանը հանձնարարել է Հյուսիս-հարավ մայրուղու շինաշխատանքներն իրականացվեն առավելագույն բարձր որակով
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը աշխատանքային այցով եղել է «Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ հատվածում, որտեղ ընթանում են նոր ուղեանցերի կառուցման, գոյություն ունեցող ուղեանցերի վերակառուցման աշխատանքներ, հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Նախարարը նախ ծանոթացել է Մարմարաշեն համայնքի և Մասիս քաղաքի հատման հատվածում, ապա նաև՝ Բուրաստան համայնքի տարածքում կառուցվող նոր վերգետնյա ուղեանցերի կառուցման աշխատանքներին: Նախարարն այնուհետև այցելեց Մասիս քաղաքի, Այնթապ, Դիմիտրով, Ազատավան, Մասիս գյուղական համայնքների մոտ ընթացող շինաշխատանքների տեղամասեր, որտեղ վերականգնվում են վերգետնյա ուղեանցերը:
Տեղում ծանոթանալով կատարվող շինարարական աշխատանքներին` նախարարը դիտողություններ է արել առկա թերությունների վերաբերյալ և կոնկրետ հանձնարարականներ տվել: Մասնավորապես, նա անդրադարձել է աշխատանքների որակին՝ հորդորելով, որպեսզի դրանք իրականացվեն առավելագույն բարձր որակով և ավարտվեն նախատեսված ժամկետներում:
«Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը նախարարին վստահեցրեց, որ ուշացումներ, առավել ևս որակի հետ կապված խնդիրներ չեն լինի։
Այցի ընթացքում նախարարն անդրադարձավ նաև շինարարական աշխատանքների անվտանգությունը պահպանելու նպատակով շինարարական տեղամասերի հատվածներում ժամանակավոր երթևեկություն կազմակերպելուն՝ նկատելով, որ ճանապարհի որոշ հատվածներում երթևեկությունը կարգավորող նշանները քիչ են, ուստի անհրաժեշտ է դրանք լրացնել.
«Անկախ տարվող աշխատանքներից՝ առաջնայինը մարդկանց անվտանգության խնդիրն է, ճանապարհի երթևեկելի հատվածները, որտեղ աշխատանքներ են ընթանում, պետք է հնարավորին անվտանգ ու հարմարավետ լինեն»,-նշել է նախարարը:
Շինարարության պատասխանատուները նախարարին հավաստիացրել են, որ մոտ օրերս, ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, այդ խնդիրը կլուծվի։
Վահան Մարտիրոսյանը նաև հանձնարարել է, որպեսզի շինարարական աշխատանքների տեղամասերը գիշերային ժամերին լիարժեք լուսավորված լինեն:
Նշենք, որ ուղեանցի վերականգնման աշխատանքներ են կատարվում նաև «Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1-ի Երևան-Աշտարակ ճանապարհահատվածում: