28/10/2016 17:34
Վարուժան Ավետիսյանը լավ է, ոգին՝ մարտական. Փաստաբան
«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի փաստաբանն օրեր առաջ տեսակցել է իր պաշտպանյալին:
«Վարուժան Ավետիսյանը լավ էր, առողջական որևէ խնդիր չուներ, քրեակատարողական հիմնարկից էլ որևէ դժգոհություն չուներ»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վարուժան Ավետիսյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
Փաստաբանը փոխանցեց, որ Վարուժան Ավետիսյանի տրամադրություն նույնքան բարձր է, որքան նախկինում է եղել:
«Ոգին շատ մարտական է, որևէ փոփոխություն իր տրամադրության կամ հոգեվիճակի մեջ չկա»,-նշեց Մ. Շուշանյանը:
Վարուժան Ավետիսյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):
Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է. նրա դեմ առաջադրված մեղադրանքին միացվել է նաև նախորդ տարվա ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելը: