29/10/2016 16:29
Վարդան Մինասյանը չի ուզում հավաքականի մասին լսել. Ռուբեն Հայրապետյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայ երկրպագուներին հորդորում է անհաջողության դեպքում «չհարձակվել» մարզչի վրա:
«Մեր հավաքականի երկրպագուները թույլ չեն տալիս մեր մարզչին աշխատել: Երկրպագուները դեռևս խաղի մեկնարկային րոպեներին գոռում են «Սուքիասյան, հեռացիր»: Այնպես են անելու, որ ոչ մի մարզիչ չցանկանա հավաքականը գլխավորել, ինչպես հիմա Վարդան Մինասյանը, ով չի ուզում հավաքականի մասին լսել», - Վանաձորում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Խոսելով Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի մասին՝ Հայրապետյանը նշեց՝ գտել է, որ ժամանակն է՝ հենց նա գլխավորի մեր ազգային ընտրանին:
«Արթուր Պետրոսյանը եղել է մեր հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից մեկը: Ես գտնում եմ՝ ժամանակն է՝ նա գլխավորի մեր հավաքականը: Արթուրին առաջարկել եմ 4 տարվա պայմանագիր կնքել, սակայն նա հրաժարվել է: Նրա հետ կնքել ենք երկու տարվա պայմանագիր», - նշեց Ռ. Հայրապետյանը: