03/11/2016 12:48
Կարելի է ներել, բայց երբեք չի կարելի մոռանալ․Սլովակիայի Ազգային խորհրդրի նախագահը՝ Հայոց ցեղասպանության մասին
Խորհրդարանում այսօր կայացավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հանդիպումը, որից հետո նրանք լրատվամիջոցների համար հանդես եկան համատեղ հայտարարությամբ։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ներկայացնելով հանդիպման բովանդակությունը, նշեց, որ Սլովակիայի խորհրդարանի ղեկավարի հետ քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, Ադրբեջանի կողմից ապրիլին սանձազերծած ագրեսիան, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքին։
Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն ընդգծեց, որ ուրախ է այն փաստի առթիվ, որ Սլովակիայի խորհրդարանը ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
«Մարդասիրությունը պարտավոր է հիշել և հարգել պատմությունը», - ընդգծեց նա։
Ա.Դանկոյի խոսքով՝ մարդիկ պետք է իմանան և հասկանան հայ ժողովրդի պատմությունը, որպեսզի ընկալեն, թե որքան տառապանքներ է նա կրել:
«Ես շատ եմ սիրում օգտագործել մի նախադասություն, որը ձեզանից եմ սովորել՝ «Կարելի է ներել, բայց երբեք չի կարելի մոռանալ»: Պատմությունը մոռանալ երբեք չի կարելի», - ասաց նա։