11/11/2016 14:50
Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, որ տարօրինակ իրավիճակ է, բայց որևէ տարօրինակ բան չկա. Դավիթ Բաբայանը՝ սահմանի լարվածության մասին
Երկու օր անընդմեջ շփման գծի որոշ հատվածներում ադրբեջաբանական զինուժի կողմից հրադադաի ռեժիմի խախտման համար որևէ կոնկրետ պատճառ չկա: Նման կարծիք Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Պարզապես դա Ադրբեջանի էությունն է: Նման պետությունները հենց այդպես էլ պիտի վարվեն: Սա տարօրինակ և արտառոց չէ, սա մեր առօրյան է: Ադրբեջանը փորձում է նաև տեղեկատվական տարբեր հոսքերով ահաբեկել հանրությանը, մինչդեռ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորների վրա դա ազդեցություն չի ունենում, ուստի Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, որ տարօրինակ իրավիճակ է, բայց որևէ տարօրինակ բան չկա», - ասաց Դ. Բաբայանը:
Դիտարկմանը, թե արդյոք սահմանի լարվածությունը կապ չունի Ադրբեջանում տեղի ունեցող զորավարժությունների հետ՝ Դավիթ Բաբայանն ընդգծեց՝ «Զորավարժությունը պարզապես առիթ է, որը միգուցե նպաստում է, որ հրադադաևի ռեժիմն ավելի խախտեն, բայց դա պատճառը չէ: Առանց զորավարժությունների էլ Ադրբեջանը խախտում էր, զորավարժությունների ժամանակ էլ է խախտելու, զորավարժություններից հետո էլ շարունակելու են իրենց աննորմալ պահվածքը»:
Խոսելով սահմանին տիրող ներկա իրավիճակի մասին՝ Դ. Բաբայանը նշեց, որ սահմանին վիճակը նորմալ է, վերահսկելի և որևէ արտառոց բան չկա:
Նախորդ գիշերվա ընթացքում և այսօր առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջաբանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ: Ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը: