24/11/2016 11:41
Հռիփսիմե Խուրշուդյան. Երեկ իմ մասին մի նյութի այնպիսի վերնագիր կարդացի, որ մտածեցի` մահացել եմ
Միջազգային օլիմպիական կոմիտեն ամիսներ առաջ հրապարակել էր Հակադոպինգային գործակալության հերթական զեկույցը, որի համաձայն, Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը պետք է վերադարձնի Լոնդոնի 2012թ.-ի ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հ. Խուրշուդյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը ընդգծեց` Հայաստանում Հռիփսիմե Խուրշուդյանը բոլոր մարզիկներից ամենաշատն է հանձնել դոպինգ անալիզ, ինչպես մրցումներից առաջ, այնպես էլ` հետո:
«Այդ դեպքերից 4 տարի է անցել: Հռիփսիմեն բազմիցս մրցումների է մասնակցել` ինչպե՞ս հիմա կբացատրեք այս իրավիճակը», - ասաց մարզիչը:
Հռիփսիմե Խուրշուդյանն էլ նշեց, որ պատրաստվում է շարունակել իր մարզումները, քանի դեռ որակազրկման ժամկետների հետ կապված ստույգ տեղեկատվություն չկա:
«Ցավ եմ ապրում, որ լրագրողները միայն վատ լուրերն են տարածում, ինչու՞ չեք գրում, որ Հռիփսիմե Խուրշուդյանը նաև գործող չեմպիոն է: Երեկ կարդացի «Շտապ, շատ վատ լուր՝ ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանի հետ. ամբողջ ազգը վատ է տանում» վերնագիրը ու ես ինքս մտածեցի, թե մահացել եմ: Պետք չէ նման ձևով վերաբերվել ու նման բաներ գրել», - ասաց նա` ավելացնելով, եթե իր որոշելիքը լիներ, ինքը չէր վերադարձնի մեդալը, բայց եթե կոմիտեն պահանջի` ստիպված է լինելու վերադարձնել:
Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքանի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը չբացառեց, որ, հնարավոր է, Հռիփսիմեից միայն մեդալը հետ պահանջեն և չորակազրկեն:
«Մենք պատասխանել ենք կոմիտեին և ասել, որ համաձայն ենք լաբորատորիայի արդյունքների հետ` ինչ որոշում ուզում են թող կայացնեն», - ասաց նա` ավելացնելով, որ ոչ մի քայլ չեն պատրաստվում անել մեդալը պահելու համար:
Փաշիկ Ալավերդյանը նշեց նաև, որ տեստեստերոնի մակարդակը բարձրացնելու համար բոլորն էլ օգտագործում են դոպինգ, բայց մրցումներից 100-120 օր առաջ պիտի դադարեցնեն դրա օգտագործումը: